Այս տարի ամառային զորակոչի ժամկետը կերակարաձգվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ: Հարցն ընդգրկված էր կառավարության օրակարգում և զեկուցվեց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի կողմից: Տոնոյանը նշեց, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտության և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտված և 8 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացնելու անհրաժեշտութամբ:
Նախարարը հայտնեց, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդելու զորացրումների գործընթացի վրա, որն ավարտվելու է հուլիսի 31-ին:
ՀՀ վարչապետը, խոսելով այս թեմայի մասին, հիշեցրեց, որ քննարկվել է բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայության մեկնելու հարցը՝ հայտարարելով, որ թեման ուսումնասիրվում է ոստիկանության, դատախազության և ԱԱԾ-ի կողմից: Փաշինյանի խոսքերով, այս հարցերի շուրջ պետք է վստահելի պատասխաններ լինեն, իսկ գործընթացը լինելու է շարունակական, ոչ թե մեկ զորակոչի շրջանակներում:
Վարչապետը ցավով նշեց, որ զորակոչի մասով դեռ լինում են չարաշահումներ՝ զարմանքով հավելելով, որ մեր երկրի համար դա խայտառակություն է: Փաշինյանն ասաց, որ հետևողական աշխատանք է տարվում բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար. «Զարմանալի է, որ այսքան հայտարարություններից հետո նման բաներ են լինում: Ինչ-որ մարդկանց թվում է, որ մենք կատա՞կ ենք անում, ես չեմ հասկանում: Այսքանից հետո գնում կաշառք են տալիս, կաշառք վերցնում, ձերբակալվում և ասում՝ վայ էս ինչ եղավ: Եղավ այն, ինչ պետք է լիներ: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու»:
Փաշինյանը նաև կարևորեց, որ այս գործընթացում քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ չի եղել: