Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Ո՞վ է Արարատ Միրզոյանի կնոջ ԱՄՆ-ում «զբոսանքի» հովանավորը. Ընտանեկան բյուջե՞ն, թե՝ պետբյուջեն

analitik.am

Հուլիսի 14-ից 21-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնեց ԱՄՆ: Այս այցի մասին հանրությունը ֆիքսեց մի հանգամանք՝ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի պատվիրակության հետ ԱՄՆ մեկնելը: Բնական է, տարօրինակ է, երբ գերտերություն կատարած պաշտոնական այցի նպատակները մի կողմ թողած, քննարկվում է պատվիրակության ղեկավարի կնոջ ներկայությունն ԱՄՆ-ում: Սակայն, այդպես ստացվեց հենց Արարատ Միրզոյանի ջանքերի շնորհիվ. Վերջինս իրեն ուղղված լուրջ և աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցադրումներն անտեսելով՝ պատասխանեց իր կնոջ՝ ԱՄՆ մեկնելու մասին Նարեկ Մալյանի կատարած ՖԲ գրառմանը:

Փաստացի, Միրզոյանին հետաքրքիր չէին աշխատանքային հարցադրումները, նա գերադասեց ՀՀ հպարտ քաղաքացիներին տեղեկացնել, որ իր կինն ԱՄՆ մեկնել է ընտանեկան բյուջեի հաշվին:

Հաշվի առնելով այն, որ գրեթե բոլորին է հետաքրքրում, թե ի վերջո ո՞վ է Գոհար Աբաջյանի ԱՄՆ մեկնելու հովանավորը՝ ՀՀ քաղաքացիները, թե՞ Միրզոյան-Աբաջյան ընտանիքի բյուջեն, Analitik.am-ը հարցում արեց ՀՀ կառավարություն՝ նշելով, որպեսզի տրամադրեն նաև հյուրանոցի կողմից տրված ինվոյսերը: Սա կարևոր է, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի պարզել, թե Գոհար Աբաջյանի ԱՄՆ-ում մնալու ծախսերն ով է հոգացել:

ՀՀ կառավարության աշխատակազմից մեզ տեղեկացրեցին, որ Արարատ Միրզոյանի և վերջինիս խորհրդական Սյուզաննա Ավետիսյանի ծախսերը  կազմել են 4 561 219 ՀՀ դրամ: Հետաքրքիրն այն է, որ պատասխանում կառավարության աշխատակազմի ղեկավարը նշել է, թե տրամադրում է Արարատ Միրզոյանին և Սյուզաննա Ավետիսյանին տրված ինվոյսերը, սակայն ուղարկել է միայն Սյուզաննա Ավետիսյանին տրամադրած ինվոյսերը: Գուցե սա կառավարության աշխատակազմի ղեկավարի հերթական վրիպակն է, և մեր այս նյութի հրապարակումից  հետո Աղաջանյանը նորից հանդես գա պարզաբանմամբ, սակայն փաստն այն է, որ Միրզոյանին տրամադրած ինվոյսերը չեն ուղարկվել մեզ:

Նշենք նաև, որ Analitik.am-ը բարեխղճորեն մի քանի անգամ զանգահարեց Էդուարդ Աղաջանյանին, հաղորդագրություն ուղարկվեց՝ տեղեկացնելու համար, որ չի ուղարկվել Արարատ Միրզոյանին տրված ինվոյսերը, չնայած  պատասխանում նշված է, թե ուղարկվում է, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Աղաջանյանի հետ:

 

Հետևապես դեռ բաց է մնում հարցը՝ արդյոք Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն ԱՄՆ մեկնել էր, ինչպես նշել էր Միրզոյանն իր ՖԲ էջում, ընտանեկան բյուջեի հաշվին, թե՞ ՀՀ քաղաքացիներն են Գոհար Աբաջյանի ԱՄՆ-ում անցկացրած արձակուրդի հովանավորը: Կարծում ենք՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալու, թե որտեղ է ծախսվում իրենց գումարները, գուցե նրանք ամենևին դեմ չեն, որ Գոհար Աբաջյանը հպարտ հարկատուների հաշվին հանգիստ անցկացնի ԱՄՆ-ում և պատրաստ են հոգալ նաև ՀՀ առաջին փոխվարչապետի կնոջ այլ անձնական ծախսեր ևս:

 

 

Նույն շարքից