Հայաստան Քաղաքական գլխավոր 

Արթուր Գրիգորյանի նշանակումն անօրինական է և չի համապատասխանում վարչապետի որոշման պահանջներին

Վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում երբեմն ականատես ենք լինում անօրինականությունների, որոնք գուցե կապված են կառավարության անդամների մասնագիտական անփորձության, անփութության հետ: Արդյունքում նշանակումներ են տեղի ունենում, որոնք հակասում են հենց վարչապետի կողմից ստորագրված որոշումներին:

Այսպես՝ 2018-ի հունիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որով հաստատել է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը: Սույն կանոնադրության մեջ հստակ նշված է՝  Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում հանրային ծառայության 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Այժմ ուսումնասիրում ենք ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի կենսագրությունը՝

2012-2015 թվականներին Արթուր Գրիգորյանը աշխատել է որպես ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական,

2014-ի փետրվարից մինչև ապրիլ ամիսը՝ Էկոլոգիական օրենսդրության հարցերով խորհրդատու՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակ՝ Հատուկ կազմակերպության համաձայնագիր,

2012-2018-ը՝ Էկոլոգիական իրավունք ՀԿ ղեկավար և ծրագրերի համակարգող,

2016-ից սկսած՝ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի անդամ:

Ինչպես տեսնում ենք, Արթուր Գրիգորյանը վերջին 10 տարվա ընթացքում չունի ոչ հանրային ծառայության 5 տարվա աշխատանքային ստաժ, ոչ էլ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ինչպես պահանջում է օրենքը և Փաշինյանի կողմից ստորագրված կանոնադրությունը: Վերոնշյալից ստացվում է, որ Արթուր Գրիգորյանն այս պահին ապօրինի է զբաղեցնում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, հետևաբար նրա կայացրած յուրաքանչյուր որոշում, աշխատանք և գործունեություն ապօրինի է:

Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավարին նշանակում է ՀՀ վարչապետը՝ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը: Տրամաբանությունը հուշում է, որ վարչապետը յուրաքանչյուր նշանակում անելուց առաջ հանձնարարում է համապատասխան մարդկանց ճշտումներ կատարել և պարզել՝ արդյոք տվյալ մարդու նշանակումն այս կամ այն պաշտոնին օրինական է, թե՝ ոչ: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ վարչապետի տասնյակից ավել օգնականներից, խորհրդականներից, աշխատակազմի անդամներից կամ գոնե թիմից որևէ մեկը չի հուշել, որ Արթուր Գրիգորյանին նշանակելով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը խախտում է իր իսկ կողմից ստորագրած որոշումը, ինչպես նաև ՀՀ օրենքները:

Նույն շարքից