Բարի օր Հասարակություն 

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը

analitik.am

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի նախագահ Կամո Արեյանը: Նիստին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների ղեկավարները, հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների նախագահները:

Քաղաքապետարանի ստորաբաժանումների և հանձնաժողովի անդամ հասարակական կազմակերպությունների ղեկավարները հանդես են եկել 2018 թ. առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների համառոտ հաշվետվությամբ: Ըստ այդմ, մայրաքաղաքում շարունակվում են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց սոցիալական աջակցության բազմաբնույթ ծրագրերը: Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին համայնքային բյուջեով նախատեսված ծրագիրը ամբողջությամբ կյանքի է կոչվել` բացառությամբ հասարակական տրանսպորտի ևս մի քանի ավտոբուսներ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար հարմարեցված վերելակներով համալրելու կետի, որի կատարումը ձգձգվել է տեխնիկական պատճառներով և լրացուցիչ կքննարկվի:

Հանձնաժողովի անդամներին նաև տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում վերջին տարիներին իրականացվող նորոգման աշխատանքներում հաշվի է առնվում հաշմանդամների տեղաշարժի հարմարավետությունը, իսկ նոր կառուցվող շենք-շինություններում դա ներառված է որպես պարտադիր պայման: Ըստ այդմ, շենքերի ավարտական ակտերը չեն ստորագրվի, եթե լինեն նախագծային շեղումներ:

Ներկայացված հաշվետվությունը միաձայն ընդունվել է հանձնաժողովի անդամների կողմից:

Նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի նախագահ Կամո Արեյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել թեքահարթակների կառուցման և տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նախատեսված գունավոր սալիկների տեղադրման ընթացքը:

Նիստի ընթացքում հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել քաղաքապետարանին՝ վերջերս կայացած՝ հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական փառատոնի կայացմանն աջակցելու համար, և ակնկալել քաղաքապետարանի աջակցությունը առաջիկայում կայանալիք հաշմանդամ հոկեիստների միջազգային մրցաշարի կազմակերպման գործում: Կամո Արեյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը հնարավորին կսատարի նաև այդ մարզական ստուգատեսի կայացմանը՝ տեղում տալով հանձնարարականներ:

Նիստի ավարտին քաղաքապետարանի և վարչական շրջանի պատասխանատուներին հանձնարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվորեն ներգրավել մայրաքաղաքի 2800 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներում՝ նրանց դարձնելով նաև անմիջական մասնակիցներ: Զուգահեռաբար նշվել է, որ արվելու է ամեն ինչ՝ 2018 թվականի տարեկան ծրագիրը ևս ամբողջությամբ կատարելու համար: Առաջարկներ են ներկայացրել նաև ՀԿ-ների ղեկավարները, որոնք հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից