Հասարակություն 

Դավիթ Հարությունյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

Այսօր՝ հուլիսիս 27-ին, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին, նշեց, որ մամուլի հաղորդագրության մեջ օգտագործվող տերմինաբանության մեջ իրավական որևէ ոճ, լեզու չի տեսնում:

Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ արձագանքելուն նախկին Արդարադատության նախարարն ասաց, որ դա չի կարող անել, քանի որ չունի մեղադրանք առաջադրելու որոշումը:

Քոչարյանի այն գնահատականներին, որ սա քաղաքական վենդետա է և հետապնդում, Հարությունյանն ասաց, որ մեղադրանք առաջադրելու որոշմանը գնահատական տալու համար պետք է ծանոթ լինել այդ որոշմանը, իսկ ինքը ծանոթ չէ դրան:

Հարությունյանի խոսքերով, եթե Քոչարյանի մասով իրավական լուրջ փաստարակներ լինեին, դրանք պետք է ներկայացված լինեին մամուլի հաղորդագրության մեջ, որը չէր պարունակում իրավական տարր. «Ավելին, ես այնտեղ տեսնում եմ լուրջ սխալ մեկնաբանություններ՝ և օրենքի, և տերմինաբանության մասով: Բերեմ ընդամենը մեկ օրինակ. Խոսվում է, որ բանակը կարող էր օգտագործվեր անվտանգության հարցերով: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգության մասին խոսելիս միայն պետք է մտածել արտաքին սպառնալիքների մասին: Իրականում դա այդպես չէ: ՀՀ անվտանգությունն ունի թե արտաքին, թե ներքին կոմպոնենտ, և այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է նման իրավիճակներում»:

Հարությունյանը նշեց, որ երկար կարող է խոսել մտահոգությունների մասին, սակայն այս փուլում կնախընտրեր ձեռնպահ մնալ այլ մանրամասներ ներկայացնելուց. »Կարծում եմ, որ փաստաբանները կկարողանան ավելի հստակ խոսել այդ մասին»:

 

Նույն շարքից