ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան ողջունում է Արցախի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Բաքվում քաղաքական խորհրդակցություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների միջև:
Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին հրավերի համար՝ նշելով, որ կողմերի համար համագործակցությունն ավանդույթ է. «Մենք կարծիքներ ենք փոխանակել տարբեր հարցերով: Սա հիանալի հնարավորություն է այն աշխատանքն ակտիվացնելու համար, որը կատարում ենք»:
Խոսելով մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կառուցողական և արդյունավետ դերակատարում ունի այդ հարցում:
«Ռուսաստանն իրեն հաշիվ է տալիս և լավ է հասկանում թեման: Հակամարտության կարգավորման համար հանդիպումները տեղի են ունենում տարբեր մակարդակներով: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև ցանկացած հանդիպում, որոնց մասով կողմերը պայմանավորվում են և որոնք անցնում են կառուցողական մթնոլորտում»,-ասել է Զախարովան: