Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ ընտրագրավի չափն իջեցվել է

analitik.am

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 27-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Աշխատանքային խումբը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի քանի առաջարկներ, ամփոփել նախորդ նիստերում քննարկված առաջարկների վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները:

Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներ Լենա Նազարյանը և Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել են, որ իրենց համար ևս ընդունելի է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկը, ըստ որի՝ Ազգային ժողովի, Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ-ի սահմանած էլեկտրոնային ձևով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար: ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և դաշինքները կարող են ներկայացնել նաև իրենց առաջարկած կառավարության կառուցվածքը և կազմը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձևով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար: ԿԸՀ-ն ստացված նյութերը պետք է տեղադրի կայքում՝ ներկայացվելուց հետո՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, բայց ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում էր խորհրդարանում կանանց պատշաճ ներկայացվածության ապահովմանը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները հիմնականում համընկնում էին, ուստի և ձեռք բերվեց փոխհամաձայնություն: Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկել փոփոխություն, համաձայն որի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար կգործի 2022 թվականից ուժի մեջ մտնող դրույթը և կանանց թիվն օրենսդիր մարմնում կլինի 33 տոկոս, իսկ հաջորդ ընտրություններին, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին, կին և տղամարդ օրենսդիրների հարաբերակցությունը խորհրդարանում կլինի 40/60 տոկոս:

Աշխատանքային խումբը համախոհությամբ և փոքր-ինչ փոփոխված ընդունել է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջարկը, որով առաջարկվում է իջեցնել ԱԺ ընտրագրավի չափը: Գործող օրենսդրությամբ այն 10 մլն դրամ է: Քննարկման արդյունքում ընդունելի է համարվել ՀՀ ԱԺ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի առաջարկը՝ իջեցնել ընտրագրավը 7,5 մլն դրամի:

Քննարկվել է նաև «Ժառանգության» մեկ այլ առաջարկ, որով նախատեսվում է արգելել համայնքի ղեկավարների՝ անընդմեջ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնման հնարավորությունը:

Քանի որ այս առաջարկը վերաբերում էր ՏԻՄ-երին, և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները չէին կարող հայտնել իրենց կուսակցությունների տեսակետները, որոշվեց դրան անդրադառնալ հետագա քննարկումների ժամանակ:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը անհրաժեշտության դեպքում կկայանա հուլիսի 31-ին: Իսկ մինչ այդ ՀՀ ԱԺ խմբակցությունները կամփոփեն իրենց կողմից ընդունելի առաջարկները և դրանք կներկայացնեն ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին:

 

Նույն շարքից