Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որոշումն ու առհասարակ գործն ապօրինի են, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է և սա այն է, ինչը կոչվում է վենդետա: Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ տեղի ունեցածը քաղաքական և անձնական վենդետա է, որ չի տեղավորվում որևէ իրավական դաշտում:
«Ես հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում: Վստահ եմ, որ դուք ևս հասկանում եք: Հասկանում եք, թե ինչու է մեղավոր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանը, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը, որը կապ չունի մարտի 1-ի 10 զոհերի սպանության բացահայտման հետ: Ես ցավ եմ ապրում, որ Հայաստանի պատմության համար այս կարևոր գործը պատանդ է դարձել քաղաքաական նպատակների և ցավում եմ, որ խշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից,-ասաց Սողոմոնյանը:
Սողոմոնյանի խոսքերով միայն կարելի է եզրակացնել, թե ինչու էր շտապողականություն․«ՀՔԾ-ի վերաբերմունքը, որպես վկա ներգրավելը, արագ մեղադրանք առաջադրելը, արագ կալանավորելը խոսում են երևությի մասին, դրանք մեկնաբանությունների կարիք չունեն, թեև ես մեկնաբանելու եմ: Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի, քրեական գործը, որ սարքվել է նրա դեմ, ապօրինի է, ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը: Մենք պահանջելու ենք ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը: Ընդհանրապես բողոքարկելու ենք քրեական գործը»,-ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը: