Գլխավոր Հասարակություն 

Քոչարյանի համար բավականին մեծ գրավ է առաջարկվել. Նա մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու համար բավականին մեծ գրավ է առաջարկվել, սակայն դատարանը մերժել է: Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ խոսքն առասպելական թվերի մասին չէ, միլիարդի չի հասնում:

Սահակյանը նաև մի առաջարկ արեց, որը կօգնի հանրությանը հասկանալ, թե ով է ճիշտ: Նա ասաց, որ նախաքննական մարմինն իրավունք ունի հրապարակել քրեական գործի նյութերի որոշակի մասը, որը կցանկանա. «Եկեք առաջարկենք, որ հրապարակեն նյութերի այն մասը, որը վերաբերում է խափանման միջոց ընտրելու միջնորդությանը և կից փաստաթղթերը»:

Սահակյանի խոսքերով, իրենք այդ իրավունքը չունեն, սակայն նախաքննական մարմինն ունի:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր հերթին պատասխանեց հարցին, թե հանրային պահանջը կարող է արդյո՞ք ազդել գործի քննության վրա: Նա նախ հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս են հասկանում, թե հանրությունն ինչ է ուզում: Նրա խոսքերով, Քոչարյանը մեղքի զգացում չունի, որովհետև հանցանք չի կատարել, նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով և չի պատրաստվում թաքնվել որևէ գործընթացից. «Մենք ապացուցելու ենք նրա անմեղությունը, նա հայտնվելու է ազատության մեջ: Կարծում եմ նա մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»:

 

Նույն շարքից