Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ամփոփվել են «Լավագույն մարզական ընտանիք 2018» մրցույթի արդյունքները: Թիմային հաշվարկով 1832 միավորով մրցաշարի հաղթող է ճանաչվել Երևանի թիմը: Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, ում և հանձնվել է գավաթը:
Շնորհավորելով երևանյան պատվիրակության անդամներին հաղթանակի և արդեն յոթերորդ տարին անընդմեջ մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար՝ Կամո Արեյանը հատկանշել է մրցաշարի կարևորությունն առողջ ապրելակերպի խթանմանը նպաստելու, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության գաղափարն ամրապնդելու գործում և հետագա հաջողություններ է մաղթել երևանցի մարզիկներին:
Մարզական ստուգատեսն այս տարի անցկացվում էր 15-րդ անգամ: Մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևում: Մրցույթի 1-ին փուլին Երևանից, Արցախից և Հայաստանի Հանրապետության մարզերից մասնակցել է 1062 ընտանիք կամ 3186 մարդ: Եզրափակիչ փուլ է անցել 144 ընտանիք: Ի դեպ, եզրափակչին այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք, որոնցից 12-ը ներկայացնում էր Երևանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն