Հասարակություն 

Չեխ կին, անվճար փլավ, ուսում՝ ճեմարանում. Ո՞վ է Երևանի ապագա քաղաքապետ Հայկ Մարությանը

analitik.am

Արդեն հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Ձեզ ենք ներկայացնում ամենայն հավանականությամբ Երևանի ապագա քաղաքապետի կենսագրությունը.

Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 1992 - 1997 թվականներին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։ 1995 - 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության  «Քայլ արա» շարժմանը:

Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի երկու երեխա՝ Ալիսան և Արթուրը։

ՔՊ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու։

Հայկը նաև ակտվ մասնակցություն է ունեցել տարբեր ակցիաների: 2013 թվականի ամռանը Երևանում սկսված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ նա և իր ընկերներ իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր։

2014 թվականի հունվարի 25-ին Հայկ Մարությանը և Արտակ Գասպարյանի հետ միասին Քանաքեռ թաղամասում 200 քաղաքացիների փլավ են բաժանել:

 

Նույն շարքից