Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀԿ-ն որոշել է Ռոբերտ Քոչարյանի հարցը բարձրացնել միջազգային հարթակներում

analitik.am

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է.

• Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։

• Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։

• Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։

• Հարուցված քրեական գործը խնդրահարույց է օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև նվազեցնել Հայաստանի Հանրապետության վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում:

• ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ դատախազությունը և ՀՀ դատարանները պարտավոր են պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահամանդրության դրույթները և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի պահանջներով և կարգավորումներով:

• ՀՀԿ խմբակցությունն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով։

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցություն

Նույն շարքից