Այսօր՝ վաղ առավոտյան Սոչիում հրդեհի արդյունքում զոհված քաղաքացիներն ապրել են կիսակառույց շինությունում, նրանց կեսը եղել են տան տիրոջ հյուրերը՝ Հայաստանից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ հրդեհի զոհերի մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, իսկ ՀՀ ԱԻՆ-ից Analitik.am-ին հայտնել էին, որ զոհերից մեկի ինքնությունը հայտնի է՝ նա ՀՀ քաղաքացի է:
Նշվում է, որ շինությունը, որտեղ բռնկվել է հրդեհը, կիսակառույց է, որտեղ նաև փոքրիկ սրճարան կա: Հրդեհը նախնական տեղեկություններով բռնկվել է հենց սրճարանում, ապա տարածվել ամբողջ կառույցում: Զոհերը, ինչպես ավելի վաղ հայտնվում էր, վարձու աշխատողներ չեն: Նախնական տեղեկություններով, 8 զոհերից միայն մի քանիսը հնարավոր է լինեն սրճարանի աշխատողները, իսկ մյուսները, ինչպես արդեն նշվեց, հյուր են եղել Հայաստանից: