Սպորտ Հասարակություն 

Հայտնի են 2018 թվականի լավագույն մարզական ընտանիքները

Հուլիսի 23-28-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հոբելյանական՝ 15-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլում 167 ընտանիքներ (որոնցից 23-ը՝ հաշմանդամություն ունեցողներ) մրցել են տարվա լավագույն ընտանիքի տիտղոսին արժանանալու համար:

Ընտանիքները, որոնք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը, պայքարել են 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 30 մ, վարժություն բասկետբոլի գնդակով, ուժային վարժություն (գնդի հրում), խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցավազք 80 մ (30 մ + 30 մ + 20 մ):

Ըստ տարիքային խմբերի տարվա լավագույն մարզական ընտանիքներ են հռչակվել`

1-ին տարիքային խմբում` Անդրեասյանների ընտանիքը (ՀՀ Սյունիքի մարզ),

2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (ՀՀ Կոտայքի մարզ),

3-րդ տարիքային խմբում՝ Գեղամյանների ընտանիքը (ՀՀ Շիրակի մարզ),

4-րդ տարիքային խմբում` Ալեքսանյանների ընտանիքը (ՀՀ Շիրակի մարզ) և հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքներից՝ Նազարյանների ընտանիքը (ՀՀ Լոռու մարզ):

Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվել են 500.000-ական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400.000-ական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300.000-ական դրամով:

Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած համայնքներն արժանացել են գավաթների: Այս տարի այդ գավաթներին արժանացել են Երևանի (1-ին տեղ), Կոտայքի (2-րդ տեղ) և Շիրակի (3-րդ տեղ) թիմերը:

Չորս խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց (մայր կամ հայր) ընտանիքների ամենակրտսեր մասնակիցներն արժանացան ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված 100.000 ՀՀ դրամ դրամական պարգևներին:

Նույն շարքից