Բարի օր Տնտեսություն 

ԶՊՄԿ-ի անունը հերթական անգամ կապվում է Ամուլսարի դեմ քարոզարշավը հովանավորելու հետ. Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս հարցով

analitik.am

Հուլիսի 26-ին Լիդիան ընկերությունը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է ՊՄԿ-ին պատկանող մեքենան տոպրակներ հանձնում հանք տանող ճանապարհը փակած ցուցարարներին: Լիդիանի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից,  ոչ թե  բնապահպանական մտահոգություններով են առաջնորդվում։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Սյունիքի նախկին մարզպետ և Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում։

Ավելի ուշ իր ՖԲ էջում գրառում կատարեց Սյունիքի նախկին մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը,ով նշել էր, թե Լիդիան ընկերության կողմից նկարահանված տեսանյութում երևում է տոպրակներ, որի մեջ ծիրան է: Սաղաթելյանը գրել էր, որ ԶՊՄԿ-ի աշխատակից Վահան Գրիգորյանը գնացել է Ջերմուկ իր կնոջ բարեկամների մոտ, ովքեր ջերմուկցի են։ Ճանապարհին հանդիպել է իր աներձագին՝ Գևորգ Հովհաննիսյանին, ով Ջերմուկում ունի ծիրանի այգիներ և վերադառնում էր բերքահավագից։ Գևորգը՝ իմանալով, որ Վահանը տուն է գնում, իրեն է տալիս մի քանի տոպրակ ծիրան, որ տուն տանի։

Լիդիան ընկերությունն իր հերթին նշել էր, որ իրավապահ մարմինները պետք է համապատասխան գործողություններ անեն և պարզեն, թե ինչ կապ ունի Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հանքն ապօրինի փակած ցուցարարների հետ:

Վահե Հակոբյանի անունն առաջին անգամ չէ, որ կապվում է Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստներին ֆինանսավորելու հետ: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Para TV (Paradiplomacy) կայքը պատրաստել էր ֆիլմ Ամուլսարի մասին, որտեղ ներկայացվում էր, թե իբր Լիդիանի կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում բնապահպանական լուրջ վնաս կհասցվի տեղանքին: Այս ֆիլմը բավականին քննարկումների առիթ դարձավ, քանի որ բերված տվյալները հիմնականում ենթադրությունների վրա էին հիմնված, իսկ Լիդիանն էլ իր հերթին ներկայացրեց փաստեր, որոնք հերքում էին բնապահպանական ռիսկերի մասին մտահոգությունները:

Հետաքրքիր էր նաև այն զուգադիպությունը, որ Պառա TV-ն հանդիսանում է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի նախագծերից մեկը, իսկ վերոնշյալ ՀԿ-ն կապվում է Վահե Հակոբյանի անվան հետ: Նշենք նաև, որ Para TV կայքի ղեկավարմամբ զբաղվում է Վահե Հակոբյանի կինը: Այսօր էլ  Para TV-ն նոր ֆիլմ էր ներկայացրել Լիդիանի մասին, որտեղ նշվում էր, թե փորձագետներն իրենց ջանքերով փորձաքննություն են անցկացնելու: Այստեղ պետք է շեշտել, որ ֆիլմում նշված ջրերի անալիզները  բավականին թանկ հաճույք են, որն անհնար է իրականացնել առանց լուրջ ֆինանսավորման: Կարելի է ենթադրել, որ այդ բոլոր ծախսերը հոգում է հենց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ թե ինչու է վերջինս ավելի հետաքրքրված Ամուլսարի ոսկու հանքի վտանգներով, քան, ասենք ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող Քաջարանի հանքով, որտեղ նույնիսկ ամենակարևոր փորձաքննությունները չեն անցկացվել, իսկ բնապահպանական վնասներն էլ արդեն այսօր տեսանելի են, մնում է միայն ենթադրել:

Ստացվում է, որ Լիդիան ընկերության մտահոգություններն առ այն, թե կարող է ԶՊՄԿ-ն կապ ունենալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներին հովանավորելու հետ, ինչպես նաև Ամուլսարի դեմ սկսած ամբողջ ակցիայի,  այդքան էլ անհիմն չեն: Ինչևէ, հաշվի առնելով վերոնշյալ տվյալները, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այս հանգամանքների ճշտմամբ: Մի կողմից պետք է հասկանալ, թե արդյոք կան բնապահպանական ռիսկեր հանքի շահագործման դեպքում, ինչի մասին այդքան խոսվում է, չնայած որ բազմաթիվ անգամ տարբեր միջազգային անկախ փորձագետներ նշել են, որ ռիսկերը կառավարելի են, իսկ մյուս կողմից՝ ի վերջո Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակած ակտիվիստներին որևէ մեկը հովանավորո՞ւմ է, և ի՞նչ նպատակներով է դա անում:

Հիմք ընդունելով այն փաստը, որ Լիդիանը միջազգային բորսային ընկերություն է, այս բոլոր հարցերի պատասխանները պետք է հստակ տրվեն համապատասխան մարմինների կողմից: Պետական կառույցներն էլ իրենց հերթին պետք է ուսումնասիրեն և փորձաքննություններ անցկացնեն ՀՀ բոլոր հանքերում՝ այդ թվում Քաջարանում, որի ռիսկերի մասին անհասկանալի պատճառներով կամ գուցե պատվերի բացակայությամբ պայմանավորված՝ որևէ մեկը չի հետաքրքրվում:

Նույն շարքից