ՀՀ ԱԳՆ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բալայանը, հիշեցնելով օրեր առաջ տարածված հաղորդագրությունը, նշեց, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսելու գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթացը:
ԱԳՆ ներկայացուցիչն ասաց, որ այս հարցում ինտենսիվ աշխատանքներ են տարվում գործընկերների հետ:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կազդի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և ՀԱՊԿ-ի հեղինակության վրա, Բալայանը հայտարարեց, որ վերոնշյալ որոշումը ելնում է կառույցի ուժեղացման նպատակներից՝ նշելով, որ կազմակերպությունում շատ կարևոր փաստաթղթեր ընդունվել են հենց Հայաստանի նախագահության օրոք:
Բալայանը նաև նշեց, որ Յուրի Խաչատուրովը դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է և այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում չի կայացրել նրան փոխարինելու մասին: