Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձավ նաև Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին. «Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան հաջորդ տարի նախագահելու է այն կազմակերպությունը»:
Բալայանը խոսեց նաև նախկին պաշտոնատար անձանց ունեցած դիվանագիտական անձնագրերի մասին՝ հայտարարելով, որ անցած շաբաթ հորդորել է նրանց վերադարձնել այդ անձնագրերը. «Պետք է նշել, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին և վերադարձրել են անձնագրերը»:
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր այդ անձնագրերը չեն վերադարձրել, Բալայանն ասաց, որ այսօրվանից այդ անձնագրերն անվավեր են, ինչը փոխանցված է սահմանապահ ծառայությանը:
ԱԳՆ ներկայացուցիչն անուններ չտվեց, սակայն ասաց, որ նրանց թվում կան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, նախկին նախագահի աշխատակազմի անդամներ: