Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կազդի Հայաստանի միջազգային վարկի և հեղինակության վրա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, հայտարարեց, որ ինքը զերծ կմնա իրավական գործընթացին մեկնաբանություն տալուց, որովհտեև ԱԳ նախարարությունը զբաղվում է արտաքին, ոչ թե ներքին քաղաքականությամբ:
Բալայանը նշեց, որ հարցի շուրջ նախարարությունն ունի իր քննարկումները, որոնք հրապարակման ենթակա չեն. «Դրանք ուղղակի մեր ներքին քննարկումներն են, որպեսզի ավելի լավ պատրաստվենք արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններին, եթե հնարավոր հարցեր ծագեն, կարողանանք պատասխաններ տալ»:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, գործին ծանոթ են այնքանով, որքանով մյուսները՝ հրապարակված նյութերից. «Կարծում եմ, որ դա շատ քիչ է, որպեսզի մենք մեկնաբանություններ տանք, և ես հատկապես իրավական գործընթացների շրջանակներում մեկնաբանություններ տալու լիազորություններ չունեմ»: