Հայաստան Քաղաքականություն 

Իտալիայի նախագահն ասել է, որ կաջակցի ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացմանը

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երևան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերջո Մատարելայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա հարաբերություններին:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և բարեկամական խմբերի գործունեության խթանմանը, ինչպես նաև միջխորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցելու անհրաժեշտությանը: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանական կառավարման համակարգ ունենալը համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` խորհրդարանական կառավարման Իտալիայի արդյունավետ փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Իտալիայի Սենատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրներին միավորում և հարաբերություներն առավել ամրապնդում ու ջերմացնում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական և ժողովրդավարական ընդհանուր արժեքները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել այս հարցում Իտալիայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը:

Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի քաղաքական փոփոխություններ կլինեն, հայ-իտալական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել խթանելու Իտալիայի և Հայաստանի դարավոր բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը: Սերջիո Մատարելլան կարևորել է միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի համատեղ աշխատանքը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում Իտալիայի նախագահը նշել է, որ իրենք կաջակցեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացմանը, ինչը, ըստ նրա, կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել սերտացմանը:

Հանդիպման ավարտին Սերջո Մատարելան գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Նույն շարքից