Հասարակություն 

Ինչու են Արայիկ Հարությունյանի նշանակումից ժամեր առաջ հապճեպ ազատել քոլեջի տնօրենին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխնախարար Վահրամ Մկրտչյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նշանակումից ժամեր առաջ Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գոհար Անտոնյանին, անաշխատունակության թերթիկի ժամկետի ընթացքում, հապճեպ ազատել է աշխատանքից և այլ տնօրեն նշանակել: Եվ այդպես էլ պարզ չի դարձել, թե թավշյա հեղափոխությունից հետո գործող տնօրենին աշխատանքից այդքան հապշտապ ազատելու իրական պատճառը որն է եղել:

Գ. Անտոնյանը 2017-ի փետրվարի 10-ից ԿԳՆ-ի կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Գերատեսչությունից կախվածության հանգամանքն օգտագործելով՝ նրան առաջարկել են՝ քոլեջի նախկին տնօրենին, ում մասով դատական գործ է ընթանում, նշանակել փոխտնօրենի պաշտոնում: Եվ այստեղից էլ սկսվել է նախարարության միջին մասնագիտական վարչության պետ Արտակ Աղբալյանի ու տնօրենի պաշտոնակատարի ջրերը մի առվով չհոսել: Օգոստոսի վերջին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որին իրենից բացի ևս երկու թեկնածու է մասնակցել:

«ԿԳՆ աշխատակիցները շահագրգռված էին, որ ես չընտրվեմ: Այդ մասին ես իմացա հունիսին, երբ Ա. Աղբալյանն ինձ կանչեց նախարարություն և ասաց, որ չի ուզում ինձ հետ աշխատել և ես պետք է դիմում գրեմ ու ազատվեմ աշխատանքից: Նա ինձ ասաց նաև, որ ոչ մի պատճառաբանություն չի ընդունում և որևէ «ինչու»-ի չի պատասխանելու»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Անտոնյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ճշտել է, թե կարո՞ղ է, արդյոք, նախարար Լևոն Մկրտչյանին հանդիպել, ինչին ի պատասխան, Ա. Աղբալյանը պատասխանել է, որ նախարարի հետ նույնիսկ ինքը չի հանդիպում, նա ինչպե՞ս կարող է հանդիպել: Կարճ ասած՝ մինչ մրցույթ հայտարարելը Գ. Անտոնյանն իմացել է, որ անցանկալի է ԿԳՆ համապատասխան վարչության պետի համար: Հետաքրքիր մի դիտարկում ևս. քոլեջին կցված մալբրի համակարգը մնացել է հանցագործության մեջ մեղադրվող նախկին տնօրենի անունով, ում պաշտոնավարության իրավունքը ԿԳ նախարարի հրամանով երեք տարի առաջ է կասեցված եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից