ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նամակի և Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինվորների մասունքներն ուղարկելու համար՝ հայտարարելով, որ սպասում է վերջինիս հետ նոր հանդիպմանը:
Ամերիկացի թվով 55 զինծառայողների մասունքները ԱՄՆ տեղափոխվել են օգոստոսի 2-ին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ում հայրը ևս Կորեական պատերազմի մասնակից է:
Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին՝ նշելով, որ զարմացած չէ վերջինիս քայլից:
Նշենք, որ 1950-53 թվականների Կորեական պատերազմի ժամանակ զոհված և անհետ կորած ամերիկացի զինվորականների թիվը հասնում է 36,6 հազարի: Այդ զինծառայողներից ավելի քան 5 հազարի մասունքները, ամերիկյան կողմի տեղեկություններով, գտնվում են Հյուսիսային Կորեայում: