Այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, խոսելով ԵԼՔ դաշինքի և մասնավորապես այն մասին, որ կարելի է արդյո՞ք արդեն ենթադրել, որ Երևանի ավագանու ընտրություններին ԵԼՔ-ի ուժերն առանձին են մասնակցելու, ինչից հետո դա տեղի կունենա նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտարարեց, որ դեռ վաղ է նման ենթադրություններ անելու համար. «Հենց ԵԼՔ դաշինքը պառակտվի, պաշտոնապես այդ մասին կասվի»։
Միրզոյանի խոսքերով, Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և այդ ուժը կստանձնի այն փոփոխություններն առաջ տանելու դրոշակը: Հարցին, որ Հայկ Մարությանին որոշ մարդիկ լուրջ չեն ընկալում, Միրզոյանը հայտարարեց, որ իրենց էլ մի քանի ամիս առաջ լուրջ չէին ընկալում:
Ներդրումների մասով Արարատ Միրզոյանն ասաց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ՝ վստահեցնելով, որ դրանք լինելու են: