Հասարակություն 

Ոստիկանները 28 տարի առաջ կատարված սպանություն են բացահայտել /տեսանյութ/

analitik.am

Դեպքը 28 տարի առաջ էր կատարվել`աշնանը: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերեցին անհայտ տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվեց՝ մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին:

Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվեց քրեական գործ: Ստեղծվեց օպերտիվ-քննչական խումբ:

Սարգսյանը Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող էր: Հարազատները ոչ ոքի չէին կասկածում, վստահեցնում էին, որ թշնամիներ չուներ: Սպանության բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, ստուգվեցին հետախուզական միջոցառումների պլանով նախատեսված բոլոր վարկածները: Սակայն հանցագործությունը կատարած անձին հայտնաբերել չհաջողվեց: Թվում էր ժամանակի հետ մոռացության կմատնվի ամեն ինչ, բայց նման արարքները չեն մոռացվում և դեպքից մոտ երեք տասնամյակ անց սպանությունը բացահայտվեց:

Ոստիկանության ՔՀԳ վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գառնի գյուղի բնակիչ Մուշեղ Օհանյանը: Օգոստոսի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Մուշեղ Օհանյանը Գառնի գյուղի իր առանձնատնից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին:

Ըստ նրա` կատարվածը դժբախտ պատահականություն էր: Որսի ժամանակ թփուտների մեջ չէր նկատել տղամարդուն, շփոթել էր որսի հետ ու կրակել...

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Մուշեղ Օհանյանը ներկայացվել է Արտաշատի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից