Երևանը պետք է վերջապես ունենա կին քաղաքապետ: Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշել գլխավորել ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում:
Զոհրաբյանի խոսքերով որոշումը եղել է թիմինը, եղել է քաղխորհրդի քվեարկություն, և այն, որ առաջադրվել է իր թեկնածությունը, իր համար մեծ պատիվ է. «Ես միշտ սովոր եմ անել հնարավորը, այս անգամ անելու եմ առավելագույնը և անհնարն իմ քաղաքական թիմի և երևանցիների հույսերն արդարացնելու համար»:
Պատգամավորը նշեց, որ ծրագիրը կներկայացվի առաջիկայում, իսկ հիմա իրենք կարգախոսների մշակման փուլում են. «Մեր կարգախոսները պետք է քննարկենք քաղաքական թիմի հետ: Ինձ համար շատ կարևոր կարգախոս կա «Ապրելու քաղաք Երևանս», որովհետև Երևանը պետք է հարմար լինի ապրելու համար: Այս կարգախոսը քննարկման փուլում է, այն իմ մոտեցումն է»:
Ինչ վերաբերում է իր մրցակիցներին, Զոհրաբյանը հայտարարեց, որ նոր որակի ընտրություններ պետք է լինեն, որտեղ չի լինի ատելություն, թշնամանք՝ ցանկություն հայտնելով կին թեկնածուներով միասին մի քանի քարոզարշավ անցկացնելու մասով: