Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ռազմական ոլորտում Յուրի Խաչատուրովը, կարելի է ասել, անփոխարինելի է. ՔՊ անդամ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը նյութ էր հրապարակել այն մասին, որ Յուրի Խաչատուրովի կադրերն անդամագրվում են Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն՝ նշելով Միքայել Առուշանյանի անունը:  Analitik.am-ը կապ հաստատեց Միքայել Առուշանյանի հետ, ով նախ շատ զարմացավ, որ իրեն համարում են Խաչատուրովի կադր՝ ասելով, որ ինքը 1996-ից 2007 թվականն է աշխատել Յուրի Խաչատուրովի հետ, այնուհետև եղել է Հ3 ՀԸ-յան աշխատակազմի ղեկավար և այլն. «Ես շատ լավ եմ վերաբերվում Յուրի Խաչատուրովին, գնահատում եմ նրա ռազմական գիտելիքները, երկար տարիներ աշխատել եմ նրա հետ և որևէ բացասական բան չեմ կարող ասել վերջինիս մասին, սակայն ես Խաչատուրովի կադրը չեմ և 10 տարուց ավել է Խաչատուրովի հետ որևէ կապ չունեմ և ոչ մի պարագայում չեմ կարող համարվել նրա կադրը»:

Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Առուշանյանը նոր անդամագրվում ՔՊ, վերջինս պատասխանեց. «Ես 3 ամիս առաջ եմ անդամագրվել, այլ ոչ թե նոր եմ անդամագրվում, իսկ թե ինչու են այդ կերպ փորձում շահարկել այս հարցը, չեմ կարող ասել»:

Մեր այն հարցին, որ երկար տարիներ աշխատել է Խաչատուրովի հետ, ճանաչում է նրան, ի՞նչ կասի վերջինիս առաջադրված մեղադրանքի մասին, Առուշանյանը նշեց, որ կարող է վստահաբար ասել, որ Խաչատուրովը քաղաքական որևէ թեմայի մեջ երբեք չի եղել. «Ես բավականին երկար տարիներ աշխատել եմ Յուրի Խաչատուրովի հետ, կարող եմ հաստատ ասել, որ նա երբեք ոչ մի քաղաքական թեմայի մեջ չի եղել, չկա և չի կարող լինել, քանի որ նա այդ տեսակի մարդ է: Նա կադրային գեներալ է, իր գործի հրաշալի մասնագետ, նրա ռազմական  գիտելիքները պետք է բարձր գնահատել, քանի որ նա կարելի է ասել՝ այդ ոլորտում անփոխարինելի է, բայց քաղաքական հարցերում նա ուղղակի չկա և չի եղել»:

Նույն շարքից