Երևանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 4-ին արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» քաղաքային զբոսաշրջային փառատոնը: Այն այս տարի ևս բաղկացած է լինելու երկու մասից: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը խոսեց «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի մասին՝ մանրամասն ներկայացնելով ցուցահանդեսի նպատակն ու ազդեցությունը տուրիզմի զարգացման վրա. «Հրավիրել ենք մարդկանց, ովքեր նոր շունչ են հաղորդում հայկականին, վերածնում են հայկական տարազն իրենց հավաքածուներում: «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ը բաղկացած է 2 մասից՝ առաջին հատվածում մենք կունենանք տոնավաճառ-ցուցահանդես, որին կմասնակցեն ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ՀՀ-ում հավատարվագրված դեսպանություններ: Այս տարի հյուր ունենք նաև արտերկրից՝ Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար տիկին Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով առանձին տաղավարով ներկայացնելու է ազգային հագուստը: Դիզայներներից Լիլիթ Մելիքյանը և Գևորգ Շադոյանը մշտապես մասնակցում են մեր փառատոնին։ Այս տարի առաջին անգամ կմասնակցի Սվետլաննա Հակոբյանը, ինչի համար շատ ուրախ եմ: Սա մի հարթակ է, մի փառատոն է, որի շուրջ մենք ներկայացնում ենք հայկական արտադրանքը: Ներկա կլինեն տարբեր կազմակերպություններ, որոնք աշխատում են տարազի հետ, ստեղծում են տարբեր տարազային բաղադրիչ ունեցող նորաձևության բաղադրիչներ, մի խոսքով, հարթակ է, որը համախմբում է բոլորին հայկականի շուրջ և ցանկությունն է պրոպագանդել Երևանը որպես զբոսաշրջային քաղաք, ունենալ այնպիսի միջոցառումային փառատոններ, որոնց համար զբոսաշրջիկները տարվա ընթացքում կգան Երևան»։
Դիզայներ Սվետլանա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ պատրաստվում են նոր հավաքածու ցուցադրել, որն ամբողջությամբ զարդարված է հայկական զարդանախշերով. «Տարազը որպես այդպիսին հագուստ է նշանակում, իսկ երբ ավելացնում ենք մեր հայկական զարդանախշերը, արդեն իմաստը փոխվում է: Ես երբեք ինձ վրա պատասխանատվություն չեմ կարող վերցնել, ասելով, որ ես ստեղծում եմ հայկական տարազ, որովհետև դա մասնագետների գործն է: Բայց քանի որ մենք շատ հզոր մշակույթ ունենք, որը խորհրդանշում է մեր անցյալը, որը դարերի ընթացքում էվոլյուցիա ապրելով հասել է մեր օրեր, մենք իրավունք չունենք զարդանախշերը չտեղափոխել նորօրյա հագուստի վրա»։

Դիզայներ Գևորգ Շադոյանն էլ նշեց, որ իր համար պատիվ է փառատոնին մասնակցելը. «Ուզում եմ ասել, որ ինձ համար պատիվ է, որ ես այս տարի մասնակցում եմ փառատոնին և ամեն տարի նոր թիվ է ավելանում, մեր մշակույթի մասին մտածող շատ դիզայներներ պետք է գան, դիտողներ շատ պետք է լինի: Ինչպես գիտեք, անցած տարի իմ հավաքածուն «Վերածնունդն» էր, որը նվիրված է 2015 թ.-ի Եղեռնի 100-ամյակին: Այս տարի նվիված է անկախության 100-ամյակին և իր մեջ պարունակելու է 35-40 տարազ՝ այսինքն, մի մասը լինելու է «Վերածնունդ» հավաքածուից և ավարտվելու է նոր հավաքածուով»:

Դիզայներ, Վերամշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանն էլ նշեց, որ նախ ուզում է շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին. «Ողջունելով պիտի առաջինը շնորհակալությունս հայտնեմ Երևանի քաղաքապետարանին, որն արդեն մի քանի տարի կազմակերպում է այս գեղեցիկ և ինձ համար կարևոր փառատոնը: Կարևոր միջոցառում է այն առումով, որ մեզ համար բավականին բարդ է մեր հավաքածուները ցույց տալ առանց աջակցության, որովհետև յուրաքանչյուր ցուցադրություն դա բեմ է, դա հյուր է, դա մեծ պատասխանատվություն է, դա մոդելներ են: Այս փառատոնը մեզ համար հնարավորություն է մեր նոր հավաքածուները ցույց տալու և ես նույնպես ցուցադրելու եմ իմ տարազների հավաքածուն, որը ստեղծվել է մարդկանց խնդրանքով: Այս ցուցադրությունը կոչվում է «Երևանյան խճանկար», որը մենք կազմակերպել ենք, դա իրականում լինելու է հարս և փեսա գաղափարի ներկայացումը, բայց տարազային ոճով, որովհետև այն ավելի պահանջված է: Ցուցադրության հենց առաջին մասը լինելու է մեր ավանդական տարազների ցուցադրությունը և կավարտվի հարսանեկան ծիսական զգեստներով: Ունենալու ենք նաև տաղավար, որտեղ հնարավոր է լինելու կրել այդ հագուստը, նկարվել և շոշափել բոլոր այն պարագաները, որոնք հայկական ծիսական հարսանիքներում կիրառվել են: Հավաքածուն վառ գույներից է բաղկացած և վերջանում է հարսանեկան առաջարկով»:

Իսպանիայի Վալենսիայի մարզից ժամանած Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար տիկին Մերսեդես Մենոր Սեզպեդեսն էլ ասաց. «Առաջինը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի հրավերքի համար, մենք էլ այս տարի ձեզ հետ ենք: Մեզ համար շատ կարևոր է ներկա գտնվել այս փառատոնին, տեսնելով իհարկե, որ այս երկիրը, այս ազգը պահպանում է բոլոր մշակութային հատիկները, ինչի համար շատ ուրախ եմ: Իհարկե սա աշխատանքի սկիզբն է և կարծում եմ կլինեն աշխատանքներ շարունակելու Երևան քաղաքի հետ և դեռ կբացվեն բոլոր դռները: Ես եկել եմ Վիյենա քաղաքից, բայց ներկայացնելու եմ Վալենսիայի մարզն Իսպանիայի կողմից: Բերել ենք շատ քիչ համազգեստներ՝ դրանք միայն 4-ն են, և սպասում ենք ամեն տարի ավելացնել նոր բաներ: Բերել ենք համազգեստ Վիյենիայի կնոջ կերպարով, համազգեստում 1452 թ.-ի կնոջ պատկերն է: Հաջորդ համազգեստը մեր ավանդույթը ներկայացնող փառատոնի կերպարն է, 2 համազգեստ ևս,որը ներկայացնում է մշակված փառատոները Վիյենա քաղաքում, մավրների և քրիստոնյաների տոնակատարումը՝ տղամարդու և կնոջ կերպարն այդ հավաքում»։
Լրագրողների այն հարցին, որ արդեն 4-րդ անգամ է այս փառատոնն անցկացվում, արդյոք այն նպատակները, որոնք դրվել էին միջոցառման մեկնարկից առաջ, իրականացվել են և ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել, Մարիա Բարաղամյանը պատասխանեց. «Բնականաբար, ինչ միջոցառում անում ենք, ցանկանում ենք այնպես անել, որ տարեց տարի այն գնալով ավելի զարգանա։ Խոսելով փառատոնի մասին, ասեմ, որ ՀՀ-ում գրանցված ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների ակտիվ մասնակցությունն այսպիսին է՝ լեհերի, գերմանացիների, ուկրաինացիների, ռուսների մասնակցությունը և իրենց մշակույթի ցուցադրումը, որը վաղը կտեսնեք փառատոնի շրջանակներում, արդեն վկայում է այն մասին, որ այն նպատակը, որը ցանկացել ենք ցույց տալ այս փառատոնի շրջանակներում, կարող ենք տեսնել: Ինչպես նաև կունենանք Ղազախստանի, Իսրայելի դեսպանությունների տաղավարներ, կունենաք նաև ֆոտո-ատելյե Մարաշլյան ստուդիայի կողմից, որն անակնկալ է մատուցելու բոլոր այցելուների համար և բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել: Ասեմ նաև, որ այս տարի նախորդ տարիների համեմատ մեր սցենարական պլանում մշակել ենք մրցույթներ նաև այցելուներին ներգրավելու տարբեր մրցույթներում: Մշակութային ծրագիրը տեղի է ունենալու ամսի 4-ին՝ 18:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում։ Տարբեր երկրների ներկայացուցիչներ ելույթ կունենան իրենց մշակութային հատվածով, իսկ ժամը 21:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում կլինի նորաձևության ցուցադրություն, որտեղ 3 դիզայներների հավաքածուները կցուցադրվեն երաժշտության ներքո: Մի խոսքով, շատ տոնական, ազգային և հայեցի օր է սպասվում բոլորիս»:
Նշենք, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ը Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված զբոսաշրջային բաղադրիչ ունեցող 4 խոշոր փառատոններից է: Փառատոնի նպատակն է Երևանում միջոցառումային զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև ազգային ավանդույթների, մշակույթի զարգացումն ու ցուցադրումը թե մայրաքաղաքի հյուրերին, թե մեր համաքաղաքացիներին: