Հասարակություն 

Օգոստոսի 4-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, օգոստոսի 4-ին, ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը:

Ինչպես և նախորդ տարիներին, փառատոնը բաղկացած է երկու հատվածից: Առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն է, որի շրջանակում թվով 18 տաղավարներում կներկայացվեն տարազներ, զարդանախշեր, գորգեր, տիկնիկներ և հայկական ավանդական տարրեր պարունակող այլ նմուշներ: Առանձին տաղավարներով կներկայանան նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներ և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոններ:

Հանդիսատեսի համար ելույթ կունենան «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը և «Միլեն» պարային համույթը: Երկրորդ հատվածում իրենց արդի հավաքածուները կներկայացնեն դիզայներներ Լիլիթ Մելիքյանը, Գևորգ Շադոյանը և Սվետլանա Հակոբյանը:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից