Աշխարհի երբեմնի համար մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենի մայրը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 17 տարի անց առաջին անգամ հարցազրույց է տվել և հայտնել, թե ինչպես է իր որդին դարձել ջիհադիստ: Կինը խոսել է The Guardian-ի հետ:
Ալիա Հանեմի խոսքերով, իր որդին այլ մարդ է դարձել Սաուդյան Արաբիայում թագավոր Աբդուլ-Ազիզի համալսարանում սովորելու տարիներին: Ահաբեկչի մայրն անգամ չի մտածել, որ իր համեստ որդին մի օր ծայրահեղական կդառնա և դաժան ահաբեկչություններ կկազմակերպի, փոխանցում է թերթը վերջինիս խոսքերը:
«Նա լավ երեխա էր քանի դեռ համալսարանում չէր հանդիպել մարդկանց, ովքեր նրա գլուխը տարբեր մտքերով լցրեցին: Ես նրան միշտ ասում էի, որ այդ մարդկանցից պետք է հեռու մնալ, իսկ նա երբեք չէր ասում ինձ, թե ինչով է զբաղվում, քանի որ սիրում էր ինձ»,-հայտարարել է Ուսամա բեն Լադենի մայրը:
Թերթը նաև գրում է, որ Ալիա Հանեմը դեռ ոչ մի կերպ չի կարողանում հավատալ, որ իր որդին նման գործողություններ է իրականացրել և հրաժարվում է վերջինիս մեղադրել ինչ-որ բանում:
Բեն Լադենի մայրն ընտանիքի հետ ապրում է Ջիդդա քաղաքում, որտեղ հարգված մարդ է: The Guardian-ի թղթակցի խոսքերով, նա ապրում է շքեղ առանձնատանը, որտեղ կան իր որդու նկարները: Ինչ վերաբերում է բեն Լադենի 2 այրիներին, ապա նրանք ապրում են քաղաքից դուրս: