Քաղաքական 

ՀՔԾ պետը թյուրիմացաբար սխալ ինֆորմացիա է տվել. Ռոբերտ Քոչարյանը նոր փաստաբան ունի

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է, ձեզ բարևում է: Այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանը ներկայացրեց նաև փաստաբան Հայկ Ալումյանին, ով ևս ներգրավվել է գործում: Ալումյանն իր խոսքում նշեց, որ դատավարական հակառակորդները վերջին փուլում մի շարք հարցազրույցներ են տվել, մի շարք տվյալներ հայտնել, որոնք իրենց համոզմամբ չեն համապատասխանում իրականությանը. «Մենք մանրակրկիտ վերլուծում ենք նրանց տեսակետները և պատրաստ ենք հերքել այն ամեն ինչը, ինչը դուք վերջին օրերին լսել եք»:

«Երեկ ՀՔԾ պետի կողմից թյուրիմացաբար տեղեկատվություն հնչեցվեց իբր վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքը քննելու է այսօր: Այդպիսի բան չկա: Առայժմ հայտնի չէ, թե երբ է քննվելու բողոքը»,-ասաց փաստաբանը:

Ալումյանը հայտնեց, որ մինչև երկուշաբթի դեռ կա բողոքարկում ներկայացնելու համար, և քանի դեռ այդ ժամկետը չի լրացել, ավելորդ է խոսել, թե երբ է քննվելու բողոքարկումը. «Երեքշաբթի օրվանից շուտ դժվար թե բողոքը քննվի»:

Հարցին, թե բողոքը վարույթ ընդունվել է արդյո՞ք, փաստաբանը հայտարարեց, որ որևէ հիմք չկա ասելու, որ չի ընդունել. «Հակառակի մասին վկայող որևէ որոշում Վերաքննիչ դատարանը չի կայացրել: Որպես կանոն Վերաքննիչ դատարանը բողոքներն ընդունում է, բացառությամբ, եթե ձևական առումով կա կոպիտ խախտում, որն այս դեպքում գոյություն չունի: Վարույթ ընդունելու որոշում չունենք, բայց չունենք նաև հակառակ որոշումը»:

Ալումյանը նշեց, որ երկուշաբթի օրն ինքը պատրաստվում է նաև իր կողմից վերաքննիչ բողոք ներկայացնել՝ ցանկանալով հայտնել իր սեփական տեսակետը:

Նույն շարքից