«Երեկ քանի դեռ ՀՔԾ պետը ելույթ էր ունենում ՀԺ օրաթերթ կայքը հրապարակեց տեղեկություն, համաձայն որի Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Ես չեմ տեսել տեքստ, ինձ պատմում են՝ տեքստից բխում է, որ լրագրողը ծանոթ է հետաքննչական նյութերին: Հետո այդ նյութը տարածվեց, հայտնվեց տարբեր կայքերում: Դրանից հետո մի կախարդական փայտիկի միջոցով այն չքվեց և դրա փոխարեն հայտնվեց Արմեն Գևորգյանի մեղադրանքի մասին նյութը»,-այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Սողոմոնյանը չբացառեց, որ որևէ պետական մարմնում հայտնված որևէ փաստաթուղթ հնարավոր է ավելի շուտ տեսնել որևէ թերթում, քանի իրենք կտեսնեն: Այսպես վերջինս պատասխանեց հարցին, թե որ պատգամավորներն են միացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցին և հավելելով, որ դա գաղտնիք չէ, ազգանունները հայտնի են, եթե նույնիսկ իրենք չհայտնեն այդ ազգանունները, արտահոսք կլինի: