Գլխավոր Հասարակություն 

Ես չեմ ասել, որ ինձ ճնշել են. ՍԴ անդամը Մարտի 1-ի գործով ՀՔԾ պետի հայտարարության մասին

analitik.am

Ազատության հետ զրույցում մինչև 2014 թվականը ՍԴ դատավոր եղած Վալերի Պողոսյանը հայտարարել է, թե ինքը չի ասել, որ իր վրա 2008 թվականին ճնշում է գործադրվել. «Ես նրանց ներկայացրել եմ որոշ փաստեր, որոնք նրանք ներկայացնում են որպես ճնշում: Դա նրանց գործն է: Ես չեմ ասում ճնշում եղել է կամ չի եղել, դա մեկնաբանություն է, մնացածն ուրիշ է: Դա իրենց մեկնաբանությունն է, իրենց պետք է հարցնել»:

Ազատությունը հիշեցնում է, որ  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե քննությամբ հիմնավորվել է, որ Արմեն Գևորգյանը, ում մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի շրջանակներում, մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել մինչև 2014 թվականը ՍԴ դատավոր եղած Վալերի Պողոսյանի վրա:

Հարցին, թե ի՞նչ փաստեր է ներկայացրել ՀՔԾ-ին, նախկին դատավորն ասել է, որ չի կարող ասել:

Ինչ վերաբերում է ՀՔԾ ղեկավարի այն խոսքերին, որ փորձ է արվել եղբոր միջոցով ճնշում գործադրել ՍԴ անդամի վրա, վերջինս բացասական պատասխան է տվել. «Դա նորից նրանց եզրակացությունն է»:

Պողոսյանը նաև հայտնել է, որ 2008 թվականին ընտրության վերաբերյալ ՍԴ որոշման կայացման ժամանակ նիստին ներկա չի եղել հիվանդության պատճառով:

ՍԴ նախկին անդամը հայտնել է, որ իրեն հարցաքննել են ՀՔԾ-ում որպես վկա: Հարցին, թե իր տված ցուցմունքից կարելի է արդյո՞ք եզրակացնել, որ իր վրա ճնշում է գործադրվել, Պողոսյանն ասել է՝ եզրակացնողից է կախված՝ մարդ կա կարող է եզրակացնել, մարդ կա կարող է հերքել. «Օրինակ` Արմեն Գևորգյանը կարող է հերքել»:

Պողոսյանի խոսքերով, իր եղբայրը երբեք չի ասել, որ ինչ-որ գործում լավ կլիներ, եթե կոնկրետ այս կամ այն որոշումը կայացվի. «Էտ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ  է, թե ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ»:

Նույն շարքից