Թավշյա հեղափոխության մեկնարկի առաջին իսկ պահից ես աներկբա կանգնած եմ շարժման կողքին։
Հեղափոխության հաղթանակի հաջորդ բեկումնային քայլը հանրապետության երկրորդ նախագահի ձերբակալությունն է։ Նկատի ունենալով իրադարձության ողջ պատճառահետևանքային շղթան և նման հանգուցալուծումը, առանց սխալվելու մեծ հավանականության կարող եմ փաստել, որ այն master-class կհանդիսանա շատ երկրների քաղաքական մշակույթի և գործելակերպի համար` որպես երկիրն ու ժողովուրդին ուզուրպատորից ձերբազատելու փայլուն օրինակ, կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ։
Կատարվածը վկայում է ապրիլյան իրադարձությունների անդառնալիության և ժողովրդի հաստատակամ վճռականության մասին` մաքրել երկիրը ամեն տիպի աղտեղությունից, բուժել վերքերը, Հայաստանը դարձնել ժամանակակից ազատ, դեմոկրատական, լուսավոր և բարգավաճ երկիր, ինչին բաղձում է մեր ժողովուրդը, և այդպիսի՛ն է ցանկանում թողնել իր երեխաներին ու գալիք սերունդներին։
Համոզված եմ, որ սկսված գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դրա անհրաժեշտությունը կա։ Միայն այդ կերպ կստեղծվեն այն պայմաններն ու նախադրյալները, առանց որի անհնար է կերտել ժողովրդի երազած Հայրենիքը։
Ուրեմն կրկին անգամ,
Կեցցե~ վերափոխվող Հայաստանը,
Կեցցե~ Արցախը,
Կեցցե~ ազատատենչ հայ ժողովուրդը,
Թող որ Աստված լինի մեզ պահապան։
Արման Նավասարդյան
Արտակարգ և Լիազոր դեսպան