«Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է «Լույս» հիմնադրամի 18 շահառուի ապահովել պակասող կրթաթոշակով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
Տիկին Հակոբյանը նշեց, որ այդ գումարը չի տրամադրվել հիմնադրամից, իրենք ուղղակի կամրջի դեր են կատարել ուսանողների և գործընկերների միջև. «Հուսամ նրանք սեպտեմբերից հաջողությամբ կսկսեն իրենց դասերը»:
Հակոբյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ 517 հազար դոլարի ներդրում է եղել, ինչի արդյունքում «Լույս» հիմնադրամի 18 շահառու և ևս 4 ուսանող, ովքեր նշյալ հիմնադրամի շահառու չեն, կարող են ստանալ իրենց ուսումը. «Եվս 5 երեխայի հարց քննարկվում է: Սակայն ես ուզում եմ խնդրել բոլորին, ասել, որ սա մենք արել ենք արտակարգ պայմաններում, երբ արագ լուծում էր պահանջվում»:
Վարչապետի կինը նշեց, որ այսպես հարցը չի կարող լուծվել, իրենք արդեն քննարկումներ են սկսել, թե ինչպես կարելի է հարցը լուծել և դա անել հիմնարար կերպով: