Գլխավոր Հասարակություն 

Ես ամբողջ կյանքում ոստիկանապետ չեմ աշխատել. Օսիպյանը նոր բացահայտումներ է խոստանում

analitik.am

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում նաև՝ ոստիկանությունում, կոռուպցիան վերացված է»,-օգոստոսի 7-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Օսիպյանը չի բացառել, որ կարող է լինեն ոլորտներ, լինեն նույնիսկ ոստիկանության աշխատակիցներ, ովքեր չեն հասկացել վերոնշյալ. «Ես հավաստիացնում եմ, որ նրանք կկրեն օրենքով նախատեսված խստագույն պատիժը»:

Ինչ վերաբերում է, նրան, որ վերջին օրերին Ճանապարհային ոստիկանությունն ակտիվություն է ցուցաբերում, Օսիպյանը նշել է, որ պետք չէ այդ գործողություններից վախենալ, քանի որ դրանք օրենքի սահմաններում են: Ոստիկանապետի խոսքերով, կան վարորդներ, որոնք կոպիտ խախտումներ են թույլ տալիս և բացասաբար են ազդում երթևեկության վրա. «Մենք քաղաքացիներին տեղեկացրել ենք, թե որ խախտումների դեպքում են նրանք ազատվում տուգանքներից, սակայն մենք նկատողություններ ենք անում տեղերում: Իսկ ուժեղացված ծառայության ընթացքում մենք կարգի ենք հրավիրում կոպիտ խախտում թույլ տվող վարորդներին»:

Ոստիկանապետը խոսել է նաև առաջիկա ընտրությունների և նոր բացահայտումների մասին՝ հայտարարելով, որ աննախադեպ ընտրություներ են լինելու: Իսկ ինչ վերաբերում է նոր բացահայտումներին, ապա Օսիպյանի խոսքերով, պետք է սպասել դրանց: Նրա խոսքերով, բացահայտումներ կլինեն բոլոր ոլորտներում:

Լրագրողներից մեկի այն հարցին թե ինչո՞ւ են մարզային վարչության պետերը միշտ նշանակվում դրսից, Օսիպյանը նշել է, որ ամբողջ կյանքում ոստիկանապետ չի աշխատել և ընդամենը երեք ամիս է պաշտոնավարում. «Միգուցե համընկել է: Ուղղակի ես գնահատել եմ պարոն Քոչարյանի այն հատկանիշները, որոնցով նա կարող է էլ ավելի օգտակար լինել Շիրակում»:

Նույն շարքից