Հայաստան Քաղաքականություն 

Արծվիկ Մինասյանը շարունակում է բնականոն ռեժիմով աշխատել

analitik.am

Օգոստոսի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ իրենք վերլուծություններ կանեն և եզրահանգման կգան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար իրականացված ստորագրահավաքին ՀՅԴ-ի միանալու մասով: Ամեն դեպքում Ավինյանը նշեց, որ դա կուսակցության իրավունքն է, և իրենք շատ հանգիստ են վերաբերվում այդ որոշմանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար իրականացված ստորագրահավաքին միացել էին 46 պատգամավոր, որոնց թվում են նաև ՀՅԴ խմբակցության անդամներ Ռուզան Առաքելյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Ռոմիկ Մանուկյանը: Խմբակցության մյուս անդամները չեն ստորագրել երաշխավորությունը քաղաքում չլինելու պատճառով:

Որքանո՞վ է փոխվարչապետի հայտարարությունը մտահոգում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին և կա արդյո՞ք հավանականություն, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին: Analitik.am-ի հետ զրույցում նախարարի խոսնակ Մարինե Կարապետյանը հայտնեց, որ Մինասյանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով և որևէ քննարկում չի եղել վերոնշյալ հարցի շուրջ:

Հավելենք, որ ՀՅԴ-ի ներկայացուցիչ է նաև Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Նույն շարքից