Առողջապահություն Հասարակություն 

Տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

analitik.am

Կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր Արսեն Թորոսյանը:

Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին 3 հարց. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը,  Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգը, «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ողջունելով խորհրդի անդամներին` Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ օրակարգում ընդգրված հարցերը առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններից են և շատ կարևոր են նաև հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբական վարչության պետ Էմին Ավետիսյանը, ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, նշեց, որ ծրագրում առկա է ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետ, որոնցից 2018 թվականի 1-ին կիսամյակում կատարմանն  ենթակա է 3 կետ` մահացության դեպքերի վերաբերյալ վիճակագրության վարում,  բժշկական գաղտնիքի կարգավորումներ, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրավական կարգավորումներ:

Անդրադառնալով Դեղերի դեղատոմսով բաց թողնման կարգի լրամշակման աշխատանքներին և կազմակերպվող հանրային քննարկումներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը նշեց հետաձգման պատճառները, և խորհրդի անդամներին առաջարկեց մասնակցել նոր կարգի մշակմանը, հաջորդ տարի ներդրումը սահուն իրականացնելու համար:

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացրեց «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդգծելով նպատակները, խնդիրները, հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները:

Կարևորելով ծխախոտի ծխից զերծ «առողջ» միջավայրում ապրելու յուրաքանչյուրի իրավունքը` հասարակական խորհրդի անդամները մտահոգություն հայտնեցին նախորդ կառավարության և «ֆիլիպ Մորիսի» համագործակցության առնչությամբ: Միանալով նախարարության որդեգրած քաղաքականությանը` խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ, որ դեմ է ծխախոտային որևէ արտադարտեսակի հովանավորչությանը, պատրաստակամ է քայլեր ձեռնարկել առողջ հասարակություն ձևավորելու ուղղությամբ:

Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտներց գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:

Նույն շարքից