Քաղաքական 

Կախարդական ծամոններ ու կատակներ՝ կառավարության նիստում

ՊԵԿ-ն առաջարկում է որոշակի փոփոխություններ կատարել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների չափաքանակում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այս որոշմամբ վերացվելու են հակասությունները, որոնք կան ՀՀ-ում գործող կարգի և ԵԱՏՄ հանձնաժղովի կողմից ընդունված որոշման մեջ:

Անանյանը նշեց, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը, ինչին զուգահեռ ուժի մեջ է մտել նաև ԵՏՀ դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշումը, որով սահմանված են առավելագույն սահմանաչափերը ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների չափերը:

ՊԵԿ-ի նախագահի խոսքերով, 107 որոշմամբ կա իրավական նորմ, որի համաձայն, եթե ներպետական օրենսդրությամբ սահմանված են ավելի խիստ սահմանաչափեր, պետք է գործեն հենց դրանք: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կկարողանան առանց մաքսային ձևակերպումների որոշակի ապրանքների մասով շատ ավելի մեծ ծավալներ ներմուծել Հայաստան: Որպես օրինակ Անանյանը խոսեց կենդանական ծագում ունեցող մթերքների մասին՝ նշելով, որ հիմա առավելագույն սահմանաչափը 3 կիլոգրամն է, իսկ իրեն առաջարկում են այն դարձնել 30 կգ: Սուրճի, թեյի համար ներկայումս սահմանված է 5 կգ, որը կդառնա 15 կիլոգրամ:

Նշենք, որ փոփոխությունները վերաբերում են նաև ծամոնին, հիմա արդեն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կկարողանան ներմուծել մինչև 1 կգ ծամոն, մինչև 10 լիտր բենզին և այլն: Դիտարկմանը, որ տարօրինակ է ծամոնի դեպքում սահմանել 1 կգ, իսկ բենզինի դեպքում 10 լիտր, վարչապետը կատակեց, թե դրանք կախարդական ծամոններ են, որոնք լցնում ես բենզինի մեջ և բենզինը շատանում է:

Նույն շարքից