Գլխավոր Քաղաքականություն 

Ես չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը. ԱԱԾ տնօրենը մանրամասներ է հայտնում

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում զենք և ռազմամթերք հայտնաբերելուն, հայտարարեց, որ խուզարկություն է իրականացվել, ինչի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

Վանեցյանի խոսքերով, օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ թաքցված են զենքեր, որոնք հնարավոր է առնչություն ունեն Մարտի 1-ին  օգտագործված զենքերի հետ, սակայն դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի:

Հարցին, թե կարելի է արդյո՞ք ենթադրել, որ հիմա կասկածներ կան, թե Հովիկ Աբրահամյանը կապ ունի մարտի մեկի իրադարձությունների հետ, օրինակ հրաման է տվել իր կողմնակիցներին կրակել ցուցարարների վրա. Վանեցյանն ասաց, որ մանրամասներ հիմա չի կարող ասել, միայն կարող է հայտնել, որ հայտնաբերվել են զենքերը, որոնք իրենց նախնական օպերատիվ տվյալների համաձայն հնարավոր է օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ. «Օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»:

Հարցին, թե հրավիրվել է արդյո՞ք հարցաքննության Հովիկ Աբրահամյանը, և հնարավո՞ր է, որ նրան մեղադրանք առաջադրվի, ԱԱԾ տնօրենն ասաց, որ չգիտի այդ մասին, դա պետք է հարցնել ՀՔԾ-ին:

ԱԱԾ տնօրենը հրաժարվեց պատասխանել հարցին, թե կան արդյո՞ք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ թեկուզ նախկին, որոնց թիկնազորը հնարավոր է ներգրավված է եղել մարտի 1-ի դեպքերին՝ նշելով, որ չի կարող պատասխանել այդ հարցերին:

Լրագրողների ճշտող հարցին, թե կան արդյո՞ք կասկածներ, որ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները մարտի 1-ին այդ զենքերով հնարավոր է կրակած լինեն ցուցարարների վրա, Վանեցյանն ասաց, թե չի կարող ասել, որ նրանք եղել են Աբրահամյանի կողմնակիցները, միայն կարող է ասել, որ մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք չեն եղել իրավապահներ, եղել են թիկնապահներ և այլն. «Պետք չի ինձ ստիպել նշել Հովիկ Աբրահամյանի անունը: Ես չեմ նշելու նրա անունը, որը կասկածում ենք: Զենքը հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»:

 

 

Նույն շարքից