Գլխավոր Քաղաքականություն 

ՀՔԾ պետը՝ Սերժ Սարգսյանին հարցաքննելու, Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին

analitik.am

Նախաքննական գաղտնիք է: Այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հարցաքննվել է արդյո՞ք, թե՝ ոչ:

Խաչատրյանն ամեն դեպքում նշեց, որ մեղադրանք չի առաջադրվել, իսկ առաջադրվելու դեպքում տեղեկատվությունը կհրապարակվի: Ինչ վերաբերում է Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, ապա ՀՔԾ պետն ասաց, որ վերջինս այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի, կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ:

Հարցին, թե ի՞նչ կապ ունի Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում հայտնաբերված զենքը մարտի 1-ի դեպքերի հետ, ՀՔԾ պետը նշեց, թե տեղեկատվություն կա, որ մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր ու հիմա ստուգվում է այդ վարկածը:

Հարցին, թե կարելի է ենթադրել արդյո՞ք, թե կասկածներ կան, որ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները ևս եղել են այդ դեպքերի կիզակետում և կրակել են հայտնաբերված զենքերից, Խաչատրյանն ասաց, որ դա վարկած է, որը ստուգվում է:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելուն, ՀՔԾ պետը նշեց, որ հարցաքննվելու են բոլոր նրանք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ գործի վերաբերյալ և նախաքննություն է որոշելու, թե ով է կանչվելու հարցաքննության:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելուն, ՀՔԾ պետն ասաց, որ եթե նման բան լինի, համապատասխան տեղեկատվություն կտարածվի:

Նույն շարքից