0038 գաղտնի հրամանը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ ՊՆ-ին և հենց ՊՆ-ն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը: Այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների քննադատություններին, որոնք կապված են վերոնշյալ հրամանը ոչ ամբողջությամբ հրապարակելուն:
Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որ ինքն իր հայտարարություններով միջամտում է Քոչարյանի մասով դատարանի որոշմանը, ՀՔԾ պետն ասաց, որ դատարանն անկախ է. «ՀՔԾ-ն, ՀՔԾ պետը որևէ լծակ չունեն դատավորների վրա ազդելու համար: ՀՔԾ-ն դատավորների նշանակման, նրանց ազատելու, առաջխաղացման հարցերում ներգրավված չէ և օբյեկտիվորեն չի կարող ազդել նրանց վրա»:
Լրագրողների հարցին, թե կհաջողվի արդյո՞ք Մարտի 1-ը լիարժեք բացահայտել, ՀՔԾ պետը նշեց, որ լիարժեք բացահայտում ասվածը շատ հարաբերական հասկացություն է. «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք 100 տոկոս լիարժեքություն ասելով: Ես հուսով եմ, որ ամբողջը պետք է բացահայտվի, ես լավատես եմ»: