Հասարակություն 

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի օգոստոսի 5-ի համարում

Հինգ ամսից ավելի է, ինչ ընթանում է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նախաքննությունը, սակայն կարելի է ասել, որ սայլը տեղից չի շարժվել: Այսինքն` տեղի ունեցածի համար պատասխանատու ոչ մի անձ դատարանի առջեւ չի կանգնել: Արդեն չորս ամիս է` ընթանում են մարտի 1-ի գործով դատավարությունները, սակայն դատարանի դահլիճում մեղադրյալի աթոռին նստած են քաղաքական գործիչներ եւ անհատ քաղաքացիներ, որոնք ոչ միայն տեղի ունեցածի համար մեղավոր չեն, այլ ավելին` նրանք լիարժեք կարող են համարվել տուժածներ:

Անցած ամիսների շրջանում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ մարտի 1-ի գործը անմիջական քննող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդես են եկել մի քանի հայտարարություններով, որոնք մատնացույց են անում, թե վերը նշված նախաքննությունն ինչ ուղղությամբ է ընթանում:

ՀՔԾ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Վահագն Հարությունյանը, ով գլխավորում է մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խումբը, ուղիղ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում հայտարարել էր, թե իրենց հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել են չորս քաղաքացիները: Այս հայտարարությունն ինքնին ուշագրավ է, քանի որ գրեթե միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց մարտի 1-ի գործով մեղադրյալների ցանկը, որի հետ ծանոթանալուց հետո հաստատ կարող ենք ասել, որ որեւէ ոստիկանի սպանություն կատարելու մեղադրանք չի առաջադրվել: Ավելին, խոսքը միայն դիտավորյալ սպանության մեղադրանքով մեղադրյալների բացակայության մասին չէ: ՀՀ Քրեական օրենսգրքի, ասենք, 107 հոդվածը` «Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը», հատուկ հենց նման դեպքերի համար է, երբ մարդասպանը ոստիկան կամ այլ իրավապահ մարմնի աշխատակից է, իսկ նրա զոհը` հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրյալ անձը: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը ոստիկաններին արգելում է զենք օգտագործել մարդկանց զգալի կուտակումների ժամանակ:

Այսինքն` մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ զենքի կիրառումը որեւէ իրավական հիմնավորում չի կարող ունենալ: Ուստի հարց է ծագում. եթե սպանություն կատարած ոստիկանները հայտնի են, բայց նրանց մեղադրանք չի առաջադրվել, ապա ինչպե՞ս են ՀՔԾ քննիչները գնահատել նրանց գործողությունները` որեւէ դեպքում մարդասպանությունը չի կարող արդարացում ունենալ: Մարտի 1-ի գործով նախաքննության ամենասկզբում, երբ ողջ հանրապետությունում ընթանում էին ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, ակնհայտ էր, որ ՀՔԾ-ն ունի «մեղավորների» իր ցանկը, որի մեջ իրավապահ մարմնի աշխատակիցներ չեն մտնում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից