Հասարակություն 

Լավ է, որ Հայկ Մարությանն այլևս ֆիլմերում չի նկարվի, դա ձեռքբերում է Հանրապետության համար. Բաբայան

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի կարծիքով ճիշտ չի լինի Երևանը կառավարման տեսակետից կուսակցականացնել:

Այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Բաբայանը նշեց, որ իրեն մի քանի անգամ առաջարկել են այս կամ այն կուսակցության կազմով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, և ինքը հրաժարվել է ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում լինել ավագանու անդամ, այլ այն պատճառով, որ չի ցանկանում կաշկանդված լինել կուսակցական զսպաշապիկով:

Տիկնիկային թատրոնի տնօրենի խոսքերով, ճիշտ կլինի, եթե Երևան քաղաքի բնակիչները կարողանան առանց որևէ կուսակցության անդամ լինելու մասնակցել ընտրություններին և ավագանին լինի իսկապես ավագանի, ոչ թե դակող մարմին. «Կարծում եմ ճիշտ կլինի, եթե քաղաքապետն ուղիղ ընտրվի»:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի թեկնածուներին, Բաբայանը դրական գնահատեց, որ նրանք հանրային դեմքեր են՝ վստահություն հայտնելով, որ լավ մրցակցություն կլինի:

Բեմադրիչն առանձին խոսեց նաև ՔՊ թեկնածու Հայկ Մարությանի թեկնածության մասին՝ նշելով՝ այն, որ վերջինս ներկայացված է վարչապետ Փաշինյանի կուսակցությունից, չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, դեռ կարևոր է, թե ինչ ծրագիր կներկայացնի նա. «Մի դրական բան կա այդ առաջադրման մեջ, որ նա այլևս ֆիլմերում չի նկարվի: Կարծում եմ, որ սա ձեռքբերում է ամբողջ Հանրապետության համար»:

Նույն շարքից