Հասարակություն 

Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Բերդում վերջին անգամ եղել եմ 2017 թվականի մարտին և ուրախ եմ, որ բոլորիդ դեմքին ժպիտ եմ տեսնում»,-այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշ կատարած այցի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Տավուշ է գնացել՝ ասելու, թե ինչու է համոզված, որ Հայաստանի բոլոր խնդիրները լուծվելու են, որ Հայաստանը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր. «Մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին: Դուք գիտեք, որ 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխությունները տեղի չէին ունենում, սակայն 2018-ին դրանք տեղի ունեցան: Մենք լուծեցինք 23-24 տարի անլուծելի համարվող հարցը: Նախորդ 24 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածել են, որ քաղաքական փոփոխությունները պետք է անի ընդդիմության այս կամ այն առաջնորդը, և ամեն անգամ նեղանում էին այդ առաջնորդից, երբ փոփոխությունը տեղի չէր ունենում: Իսկ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունն իրենք պետք է անեն»:

Փաշինյանի խոսքերով, ինքն իրենից կախված ամեն ինչ արել է հեղափոխությունն անելու համար. «Մենք նոր Հայաստանում ենք ապրում, որովհետև դուք եք այդպես որոշել: Ես նույն մարդն եմ եղել ու կամ, փոխվեց ձեր ընկալումը, ձեր ինքնագնահատականը, դուք հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»,-ասաց Փաշինյանը ՝ հավելելով, թե հնարավորություն է ստեղծվելու, որ մարդիկ ծաղկեցնեն իրենց հայրենիքը:

Նույն շարքից