Այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, պատասխանելով այն քննադատություններին, որոնք հնչում են կուսակցության հասցեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին միանալու պատճառով, հայտարարեց՝ այն, որ իրենք այսօր գտնվում են Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, չի նշանակում, որ իրենց մտահոգությունները չեն հայտնելու այն հարցերի շուրջ, որոնց մասով մտահոգություններ ունեն:
Ինչ վերաբերում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե իրենք կվերլուծեն Դաշնակցության քայլը և եզրահանգման կգան, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ դա վերջինիս անձնական կարծիքն է, իսկ եթե քննարկման կարիք կա, իրենք միշտ պատրաստ են դրան:
Հիշեցնենք,որ թվով 45 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար: Դատախազությունն արդեն մերժել է միջնորդությունը, իսկ Վերաքննիչը դեռ շարունակում է քննել հարցը: