Քաղաքականություն 

Քոչարյանը մարզվում է, գիրք գրում. Փաստաբանը՝ երկրորդ նախագահի պահման պայմանների մասին

Վերաքննիչ դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշման բողոքի քննումը, դատարանի վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին: Նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը, պատասխանելով գործում քաղաքական կոմպոնենտի հնարավոր առկայության մասին հարցին, ասաց, որ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այդ մասով, ըստ էության արդեն հստակ դիրքորոշում հայտնել է. «Ես դիրքորոշումս հայտնում եմ իրավական տեսակետից: Քաղաքական գնահատականը որպես իրավական գնահատական տալու կարիքը երբ գա, մենք դա կանենք»:

Ինչ վերաբերում է դատական նիստին երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ներկայությանը, փաստաբանը հայտարարեց, որ նշյալ փաստաթուղթը դատարան ներկայացվել է ընդամենը հիմնավորելու, որ կա ավելի մեղմ իրավական միջոց, քան՝ կալանքը, հետևաբար պատգամավորների ներկայանալը պարտադիր չէր. «Իմ կարծիքով որևէ խափանման միջոց չպետք է կիրառվի»:

Օրբելյանի խոսքերով, երկրորդ նախագահը, լինելով Հայաստանից դուրս և հստակ գիտակցելով, որ ինչ-որ փուլում դադարելու է վկա լինելու և այլ կարգավիճակ է ստանալու, վերադարձել է Հայաստան, ներկայացել է ՀՔԾ, հետևաբար հիմքեր չկան կասկածելու, որ նա դրսում գտնվելով կթաքնվի քննությունից: Իսկ ինչ վերաբերում է քննության վրա ազդելու հավանականությանը, ապա պետք է ապացուցվի, որ հիմքեր կան նման կասկածներ ունենալու համար, ոչ թե ընդամենը մատնանշվի, որ նա հնարավարություն ունի դա անելու:

Փաստաբանը խոսեց նախագահի պահման պայմանների մասին՝ նշելով, որ որևէ առանձնահատուկ պահման պայմաններ չկան. «Պահման պայմաններից նա որպես այդպիսին դժգոհություններ չունի: Նա ունի մարզվելու, մեկժամյա զբոսանքի, իր գրքի վրա աշխատելու հնարավորություն: Այլ առանձնահատուկ բան չկա հաղորդելու»:

Օրբելյանը նաև հայտնեց, որ բողոքարկվելու է տեսակցության մասով գոյություն ունեցող արգելքի որոշումը։

  • 131
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 5
  •  
  •  
  •  
    137
    Shares

Related Articles