Տավուշում այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարել, որ Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ԵԼՔ դաշինքով մասնակցել պայքարին՝ չբացառելով նաև հակառակ տարբերակը:
Խոսելով ՔՊ-ի թեկնածու Հայկ Մարությանի մասին՝ վարչապետը կարծիք է հայտնել, որ վերջինս քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն քաղաքական գործիչ և փայլուն մենեջեր, ու քարոզարշավի ժամանակ բոլորը կհամոզվեն դրանում:
Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» սպասում են իր պատասխանին՝ դաշինքով ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում, Փաշինյանն ասաց՝ այնպես չէ, որ իրենք ինչ-որ բան են թաքցնում՝ հավելելով, որ դաշինքի անդամները գիտեն իրենց դիրքորոշումները, իսկ իրենք էլ գիտեն վերջիններիս դիրքորոշումները. «Մենք նրանց առաջարկ ենք արել, նրանք պետք է այն քննարկեն: Այդ առաջարկի մի մասն ընդունելի չի եղել»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ խոսքը թեկնածուի մասին չէ: