Գլխավոր Իրավական 

Դատարանը հաստատել է, որ Խաչատուրովն իրեն մեղսագրվող արարքի հետ առնչություն չունի. Փաստաբան

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանները նրա նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք են ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Այս առնչությամբ Analitik.am-ը զրուցեց Յուրի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ։

Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ բողոք եք ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Առաջին ատյանի դատարանն իր կայացրած որոշման մեջ Յուրի Խաչատուրովի առնչությունը սահմանադրական կարգի տապալմանը հաստատված չի համարել, ինչը նշանակում է, որ դատարանն իր կողմից կայացված դատական ակտում հստակ նշել է, որ նախաքննական մարմնի կողմից ներկայացրած նյութերով չի հիմնավորվում Յուրի Խաչատուրովի առնչությունն իրեն առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգի տապալման հետ: Այդուհանդերձ, Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը դատարանը թույլատրելի էր համարել: Հենց այդ հիմնավորումը վիճարկելու համար էլ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք և վիճարկում ենք կալանքի որոշումը։

Ստացվում է, որ հիմքեր չկա՞ն հիմնավոր կասկած ունենալու, մեղադրանք առաջադրելու համար, հետևապես ինչո՞ւ է Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվել։

Մեզ մինչև հիմա չի պարզաբանվել մեղադրանքի հիմքը։ Տեսեք, մարդուն մեղադրանք առաջադրելու համար պետք է լինի ապացույցների բավարար համակցություն, ստացվում է, որ դա չկա, այլապես կներկայացվեր դատարան։ Չեն ներկայացվել փաստեր, ինչից կարելի է եզրակացնել, որ նախաքննական մարմինը դրանց ուղղակի չի տիրապետում, չունի։ Չեմ կարող ասել, թե այս պայմաններում ինչու է Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվել, հետագայում գուցե պարզվի դա։ Կասեմ մի բան, որ անհայտ է, թե ինչի հիման վրա է մեղադրանք առաջադրվել Յուրի Խաչատուրովին, առաջին ատյանի դատարանն էլ արձանագրեց, որ առաջադրված մեղադրանքի հետ նա առնչություն չունի, փաստացի հիմքերը բավարար չեն մեղադրանք առաջադրելու համար։

Վերաքննիչ քրեական դատարանում նիստը ե՞րբ է կայանալու, ի՞նչ սպասելիքներ ունեք։

Բողոքը ներկայացվել է օգոստոսի 8-ին, դեռևս հայտնի չէ Վերաքննիչ քրեական դատարանում նիստի օրը: Նշեմ, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը, որոնք տիրապետում են փաստական տվյալներին, չեն բողոքարկել առաջին ատյանի որոշումը, ինչից նորից կարելի է եզրակացնել, որ նման տվյալներ չկան, մեղադրանք առաջադրելու համար բավարար հիմքեր չկան։

Ի՞նչ ակնկալիք ունեք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանից։

Մեղադրանքի վերաբերյալ մենք ի սկզբանե պնդել ենք, որ Խաչատուրովն առնչություն չունի մեղադրանքի հետ, և դատարանը հաստատել է մեր կողմից նշված տեսակետը, որ սահմանադրական կարգի տապալման հետ Խաչատուրովը որևէ առնչություն չունի: Ես կարծում եմ, որ պետք է կայացվի օրինական դատական ակտ, որով կփաստվի, որ Յուրի Խաչատուրովը ենթադրյալ հանցագործության կատարման հետ որևէ առնչություն չունի և կալանավորումը նրա դեպքում անթույլատրելի կհամարվի։

Նույն շարքից