Երկար տարիներ Հայաստանում վարված քաղաքականության արդյունքում Հայաստանում աղքատությունն ու աղքատության նպաստը որոշ դեպքերում դարձել են գերադասելի աշխատանքից և աշխատանքով վաստակելուց: Այսօր Իջևանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այդ երևույթ պայմանականորեն անվանելով «Այգեհովիտի սինդրոմ»:
Վարչապետը նշեց, թե իրեն պատմել են, որ մի գյուղում մարդիկ հրաժարվել են 100 հազար դրամ աշխատավարձով աշխատել օգնության նպաստից չզրկվելու համար՝ հավելելով, որ հայ ժողովուրդը խնդրող ժողովուրդ չէ, հայ ժողովուրդն օգնություն տվող ու աշխատող ժողովուրդ է:
Փաշինյանի խոսքերով, Հայաստանում եղել է իշխանություն, որին ձեռնտու է եղել մարդկանց աղքատ լինելը, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանան մարդկանց 5 հազար դրամով ստիպել իրենց օգտին քվեարկել. «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում այսօրվա ժողովրդի իշխանությունը մարդկանց չի օգնելու աղքատ լինել: Հայ ժողովուրդը ձեռք պարզող չէ, հայ ժողովուրդը ձեռք մեկնող ու աշխատող ժողովուրդ է»:
«Ես ուզում եմ այսօր իմ ծննդվայր Իջևանում ուղերձ հղել, որ աղքատության քաջալերման քաղաքականությունը պետք է արմատախիլ անել՝ քաջալերելով աշխատանքը, հնարավորություն ստեղծելով, որ մարդիկ իրենք աշխատանքով փոխեն իրականությունը, պետք է ճեղքել հուսահատությունը»,-հայտարարեց վարչապետը՝ նկատելով, թե ինչպես է մի փոքրիկ երեխա ծափահարում և որոշելով, որ պետք է համբուրել այդ երեխային:
«Ապրես բալիկ ջան, սպասի գամ քեզ մի հատ պաչեմ»,-ասաց վարչապետն ու մոտեցավ երեխային համբուրելու համար: