Օրեր առաջ ՍԱՊԾ-ը տեղեկացրեց այն մասին, որ ՀՀ ներկրված թռչնամսում շեղումներ են հայտնաբերվել: Այս հարցի հետ կապված Analitik.am-ը զրուցեց Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:
ՍԱՊԾ-ն մի քանի կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում ներկրված թռչնամսում հայտնաբերել է շեղումներ: Ի՞նչ կասեք այս մասով:
Ցավոք սրտի, այն տեղեկությունը, ինչն այս պահին հրապարակված է, բավարար չէ լիարժեք վերլուծություն անելու համար, և մենք առաջին հերթին դիմելու ենք լիազոր մարմին՝ կրկին անգամ տեղեկություն ստանալու համար: Հորդորում եմ նաև հետայսու շատ ավելի ամողջական տեղեկություն հրապարակեն: Ինչ վերաբերվում է մթերքին, ապա հայտնաբերված խախտումները պետք է տարանջատել հավասար 2 խմբերի, որովհետև ԵՏՄ անդամ երկրներից՝ մասնավորապես Ռուսաստանից, և Բրազիլիայից ներմուծված թռչնամիսը, եթե իրացման ցանցում տալիս է պրոբլեմ, ուրեմն հավասար գնահատել լիազոր մարմնի գործողությունները չենք կարող: ԵԱՏՄ-ի դեպքում միայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար էր ապրանքը թողնելու համար և հետագայում իրացման ցանցով էր պետք անվտանգությունը հասկանալ և կարգավորել: Ինչ վերաբերում է բրազիլական թռչնամսին, ապա, թե ինչ վտանգ է եղել և արդյոք այդ վտանգավոր հավը սահմանը հատելուց հետո իրացման ցանցում է պարունակել այդ վտանգները, թե՞ ի սկզբանե է եղել, այս հարցերին կդժվարանամ պատասխանել, քանի որ լուրջ տարակուսանք ունեմ:
Լավ է, որ աշխատանք տանելու փորձ են անում, բայց կարող եմ փաստել, որ հաղորդկացման մասով տեղեկատվությունն այնքան թերի է, որ նրանց գործողությունները ճշգրիտ գնահատելու համար հնարավորություն չի տրվում: Ավելին՝ չկա տեղեկատվություն, թե որ խմբաքանակը երբ է ներմուծվել ՀՀ տարածք, թե այս պահին ինչ ռիսկեր կան և հետագա քայլերը որոնք են լինելու: Երկուշաբթի օրը մենք կդիմենք համապատասխան մարմիններին՝ փորձելով բանավոր արագ պարզաբանում ստանալ, չստանալու դեպքում նոր միայն գրավոր կդիմենք և կտեղեկացնենք նաև ձեզ:
Նշվում էր, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում նմուշներից 6-ում հայտնաբերվել էին մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ, ի՞նչ է դա նշանակում և ինչքանո՞վ է վտանգավոր սպառողի առողջության համար:
ՍԱՊԾ-ի կողմից տրված տեղեկատվությունը թերի էր և տպավորություն էր, որ ոչ թե սպառողամետ է, այլ կենտրոնի գործունեությունը լուսաբանող: Նորից եմ կրկնում, որ թերի տեղեկատվություն էր հրապարակված, ինչի ամբողջական պատկերն ունենալուց հետո միայն կկարողանամ գնահատել կառույցի աշխատանքը: Այս պահի համար միայն կարող եմ ասել, որ կառույցի աշխատանքը հաղորդակցության մասով թերի է, իսկ մնացած աշխատանքներում եղել են, թե չէ, դա կարող եմ ասել, երբ պատասխանը ստանամ: Իսկ սպառողները, ցավոք սրտի դեռևս վախենալու պատճառ ունեն:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու վերաբերյալ: Սա կարո՞ղ է ներմուծողին ֆինանսական վնաս հասցնել:
Իհարկե, հնարավոր է, և երկրորդը՝ պետք է հետևողական լինեն, որպեսզի ոչնչացացման պրոցեսը տեղի ունենա: Իսկ եթե չունենա, հանգիստ կարող են քրեական գործով դիմել համապատասխան ուժային կառույցներին:
Օֆելի Իսրայելյան