Գլխավոր Հասարակություն 

Բանակի, գեներալների և հրամկազմի մասին տարածվող տեղեկությունների ստի սահմանը. Լրագրողական հետաքննության մեկնարկ

analitik.am

Վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով տարածվում է խաղաղության գաղափարը: Տարբեր մարդիկ փորձում են ներկայացնել Արցախի կոնֆլիկտն այն տեսանկյունից, որ հնարավոր է հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Նախ՝ պետք է սկսել նրանից, որ Հայաստանը միշտ է ցանկացել Արցախի կոնֆլիկտի խաղաղ կարգավորում, ի տարբերություն Ադրբեջանի, որը սադրանքների, ագրեսիայի դրսևորմամբ մշտապես լարված իրավիճակ է ստեղծել: Այս տեսանկյունից կարևոր է հիշեցնել ՀՀ-ում խաղաղության գաղափարը տարածող խմբերին, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարի ագրեսիվ գործելաոճը, քանի որ  ՀՀ և Արցախի բնակչությունը երբեք ագրեսիա չի դրսևորել, այլ ուղղակի պաշտպանվել է ադրբեջանական ագրեսիայից:

Արցախի վերաբերյալ կոչեր հնչեցնելիս նաև պետք է ուշադրություն դարձնել այն իրավական փաստաթղթերին, որով ՀՀ-ն պարտավորվում է պաշտպանել Արցախի բնակչությանը: Մասնավորապես՝  25․12․2007-ին ընդունված ՀՀ ռազմական դոկտրինում ասվում է, որ  Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, քանի որ Ադրբեջանի կողմից 1980-1990թ.թ. ակնհայտ փորձ է արվել ոչնչացնել հայ համայնքը Սումգայիթում, Բաքվում, Մարագայում և այլ վայրերում՝ ռազմական ուժի կիրառմամբ պարտադրել հրաժարվել օրինական և խաղաղ ճանապարհով ինքնորոշվելու իրավունքից։

Վերոնշյալ ագրեսիվ  քաղաքականությունից մինչ այսօր Ադրբեջանը չի հրաժարվել և չունի միտում հրաժարվելու։ Այս պայմաններում փորձել խաղաղության քարոզ տանել ՀՀ  բնակչության շրջանում ոչ միայն ապարդյուն է, այլ վտանգավոր: Մենք պարտավոր ենք հասկանալ, թե ում հետ գործ ունենք, ով է մեր թշնամին: Եթե Ադրբեջանը պատմության ընթացքում մշտաpես ձգտել է ոչնչացնել Արցախի բնակչությանը և մինչ օրս շարունակում է ռազմական ագրեսիան, էսկալացիա է հրահրում, ապա սա փաստում է այն մասին, որ այդ պետությունը կոնֆլիկտը խաղաղ լուծելու անգամ մտադրություն չունի: Ի վերջո, Արցախի խնդիրը դա միայն էմոցիոնալ հարթություն չէ, միայն պատմական հայկական հողերի հարցը չի, դա հայ ազգի և պետականության գոյության հարցն է: Այստեղ տեղին է մեջբերել Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերը՝ «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»։ Այս խոսքերն ակտուալ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չի տրվել Արցախի հարցին այնպիսի լուծում, որը կերաշխավորի հայ ազգի  անվտանգությունը:

Այս ամենով հանդերձ, ՀՀ գործողությունները սահմանափակված են  մի շարք միջազգային փաստաթղթերով, որոնք պահպանելով Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելը պահանջում է մասնագիտական լուրջ գիտելիքներ, փորձ և զգոնություն։

Հայաստանի և Արցախի բնակչությունը, չունենալով փաստացի երաշխիքներ միջազգային հանրության կողմից և հաճախ գտնվելով տարբեր պետությունների շահերի բախման և հակամարտությունների արանքում, պարտավոր է պաշտպանության հարցում հիմնականում հույսը դնել սեփական ուժերի վրա՝ ի դեմս ռազմական վերնախավի, գեներալների, սպաների և զինվորների, ովքեր ինքնակամ գնում են պաշտպանելու Արցախի սահմանը՝ հասկանալով դրա  կարևորությունը հայ ազգի ապագայի և գոյատևման համար և փորձելով զերծ մնալ պատմական սխալները կրկնելուց։

Այս պայմաններում միշտ էլ եղել են տարբեր օղակներ, որոնք հետաքրքրված են հայկական անկախ հանրապետությունները թուլացնելով: Վերջին տարիներին բավականին ակտիվացել էին հրապարակումները, որոնց միջոցով փորձ էր արվում արժեզրկել ՀՀ և ԱՀ բանակների ղեկավար կազմի անդամներին, գեներալներին, պաշտպանության ոլորտի աշխատակիցներին և առհասարակ բանակը: Ընդհուպ մեղադրանքներ են հնչեցվել առ այն, որ ՀՀ գեներալները հողեր են վաճառել, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին չեն տիրապետել իրավիճակին և այլն:

Հաշվի առնելով այն, որ այս չստուգված մեղադրանքները և տեղեկությունները կարող են  շատ քայքայիչ ազդեցություն ունենալ հանրության միասնության, ինչպես նաև  բարոյահոգեբանական ճնշում գործադրել զինվորների, ապագա զինվորների և նրանց ծնողների վրա, Analitik.am-ը ձեռնամուխ եղավ այդ բոլոր լուրերի իսկությունը պարզելուն: Բանակի հրամկազմին, ղեկավարությանը որոշ մարդկանց կողմից պետական դավաճանության մեջ մեղադրելը լուրջ հարց է, և հասարակությունն ի վերջո պետք է իմանա, թե որտեղ է ճշմարտությունը՝ արդյոք այդ մարդիկ իրոք դավաճանել են իրենց մասնագիտական արժեքներին և հայրենիքը, թե՞ գեներալների և բանակի մասին տարբեր մեղադրանքներ հնչեցնողներն են փորձում նման ստահոդ լուրեր տարածելով վարկաբեկել հայկական բանակն ու թուլացնել հասարակության շրջանում բանակի նկատմամբ վստահությունը, ինչը կարող է լուրջ և վտանգավոր հետևանքներ ունենալ:

Բարձրաստիճան զինվորականների մասին սուտ և վարկաբեկիչ, սակայն անպատասխան մնացած հրապարակումները կարող են ավելորդ անգամ «յուղ լցնել» համակարգի և հասարակության պառակտման «կրակի» վրա։ Մեր իրականության համատեքստում, երբ ամեն րոպե կարող են վերսկսվել պատերազմական լայնամասշտաբ գործողությունները, դա անթույլատրելի է։

Կա նաև մյուս կողմը՝ հասկանալով, որ իրականում ոչ պակաս քայքայիչ կարող են լինել  հանցագործները համակարգի ներսում, մենք կփորձենք անդրադառնալ բոլոր հրապարակված դեպքերին և պարզել, թե որքանով են դրանք իրականությանը համապատասխանում՝ հանրությանը ներկայացնելով ոչ միայն տեղեկություն, այլ նաև փաստեր։

Ի վերջո, երբ խոսվում է հայկական  բանակի և պետության պաշտպանության մասին, ցանկացած տեղեկություն պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի և արձանագրվեն միայն  իրական փաստերի վրա հիմնված դեպքերը, այլապես ստացվում է, որ չճշտված, սուտ տեղեկություն տարածողի նպատակը  բանակը վարկաբեկելն է, ինչն իր հերթին հարված է հասցնում Հայաստանի և Արցախի անվտանգությանը, թուլացնում միասնականությունը և սահմանը պաշտպանելու կամքը երիտասարդության շրջանում։

Մոտ ժամանակներում կներկայացնենք առաջին բացահայտումն այս թեմայով:

Շարունակելի․․․

Արմինե Սահակյան

 

 

Նույն շարքից